NASA-ի մասնագետները հետազոտել են Curiosity մարսագնացի տվյալներն ու Մարսի մթնոլորտում հայտնաբերել մեթանի զգալի քանակություն, որն անուղղակիորեն վկայում է այդ մոլորակի վրա կենդանի էակների առկայության մասին, գրում է Lenta-ն՝ հղում կատարելով The New York Times-ին:

Գիտնականները մարսագնացից լրացուցիչ տեղեկատվություն ստանալու հարցում են կատարել: Նրանք մտադիր են անցկացնել նոր գիտափորձեր իրենց դիտարկումները հաստատելու համար: Ակնկալվում է, որ հետազոտությունների արդյունքները կհրապարակվեն հունիսի 24-ին:

Հետազոտողները նշում են, որ հայտնաբերված մեթանն արտադրվել է վերջերս, քանի որ արեւի լույսը եւ քիմիական ռեակցիաները քայքայում են այն: Սակայն նրանք չեն բացառում, որ գազը կարող էր գտնվել մոլորակի ներսում միլիոնավոր տարիների ընթացքում, իսկ այժմ դուրս գալ ճեղքերից:

2013 թվականին մարսագնացն արդեն հայտնաբերել էր մեթան գազ Մարսի մթնոլորտում: Այդ շաբաթ ստացված դիտարկումների արդյունքները վկայում են, որ այժմ մեթան գազի մակարդակը երեք անգամ բարձր է, քան վեց տարի առաջ:

Երկիր մոլորակում մեթան արտադրում են սովորաբար կենդանի օրգանիզմները: