Պարսից ծոցում լարվածությունը կարող է հաղթահարվել միայն քաղաքական ճանապարհով: Այդ մասին թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է ԱՄԷ-ի ԱԳ նախարար Անվար Գարգաշը:

«Ճգնաժամը պահանջում է կոլեկտիվ ուշադրություն, նախ, լարվածությունը թուլացնելու եւ քաղաքական որոշում փնտրելու համար երկխոսության եւ բանակցությունների միջոցով: Տարածաշրջանային ձայները կարեւոր են հաստատուն որոշումներ կայացնելու համար»,-ընդգծել է նա:

Նշենք, որ տարածաշրջանում իրավիճակը վատթարացել էր Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակումից հետո, որում ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան եւ Բրիտանիան մեղադրել էին Իրանին: Անցած հինգշաբթի Իրանը խոցել էր ամերիկյան անօդաչու սարքը Պարսից ծոցի երկնքում՝ հայտարարելով, որ այն խախտել է ԻԻՀ-ի օդային տարածությունը: Վաշինգտոնը հայտարարել էր, որ անօդաչու սարքը գտնվել էր միջազգային տարածքում: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին, որոնց վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն հունիսի 24-ին:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չէր չեղարկել Իրանին հարվածելու որոշումը: «Ես երբեք չեմ չեղարկել Իրանի ուղղությամբ հարվածները, ինչպես մարդիկ սխալ հաղորդում են, ես պարզապես թույլ չեմ տվել առաջ գնալ ներկա պահին»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

The New York Times-ի հաղորդմամբ՝ Թրամփը հանձնարարել էր հարվածել Իրանին, սակայն վերջին պահին մտափոխվել էր:

Ուրբաթ Թրամփը Թվիթերում գրել էր, որ չեղարկել է Իրանի ուղղությամբ օդային հարվածները դրանց մեկնարկից 10 րոպե առաջ, քանի որ 150 մարդու սպանությունը ոչ համարժեք պատասխան կլիներ ամերիկյան խոցված դրոնի դիմաց: «Մենք շատ զայրացած էինք եւ պատրաստ էինք վրեժ լուծել անցած գիշեր երեք տարբեր նշանակետերից, երբ ես հարցրի, թե քանի մարդ կզոհվի: 150, պարոն նախագահ, պատասխանեց գեներալը: Հարվածից 10 րոպե առաջ ես հետ եմ կանգնեցրել նրան: Դա խոցված դրոնի դիմաց համարժեք պատասխան չէ»,-գրել է Թրամփը: