Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Բրայան Հուքը առաջարկել է բոլոր երկրներին գործադրել դիվանագիտական ջանքեր Իրանին ապաէսկալացիայի կոչ անելու համար Պարսից ծոցում աճող լարվածության ֆոնին, հաղորդում է AFP-ը:

«Մենք հետաքրքրված չենք Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ, մենք ամրապնդել ենք մեր ուժերի դիրքերը տարածաշրջանում զուտ պաշտպանական նկատառումներով»,-Քուվեյթում լրագրողներին հայտարարել է Բրայան Հուքը:

Նրա խոսքով Քուվեյթում բանակցությունները կենտրոնացած էին այն գաղափարի շուրջ, թե ինչպես նվազեցնել լարվածությունը, որն առաջացել է Իրանի կողմից տարածաշրջանում: «Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք խորացնել մեր համագործակցությունը, հատկապես, ծովում անվտանգության ոլորտում: Իրանյան ռեժիմը վտանգ է ներկայացնում ազատ նավագնացության համար, եւ աշխարհի բոլոր երկրները հետաքրքրված են ազատ առեւտրային հոսքով.միասին պետք է մեծ աշխատանք կատարենք»,-ասել է նա:

Դիվանագետը հայտարարել է, որ անհրաժեշտ է, որպեսզի «Իրանը դրսեւորի իրեն որպես նորմալ ազգ: Եվ եթե մենք կարողանանք ներկայացնել խաղաղ Իրան, ապա մենք կկարողանանք ներկայացնել խաղաղ Մերձավոր Արեւելք»,-հավելել է նա: