Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի ծայրամասային թաղամասերը շուրջ մեկ ամիս է զրկված են խմելաջրից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փոքր Վեդիի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը:
«Մեր ջրամբարն այժմ նորոգում են, ջրամբարից ջուրը գնում է Նոր Կյանք համայնքին, Փոքր Վեդի եւ Լուսառատ համայնքներին, մեր համայնքն էլ որ երկու մասի է բաժանված, ջուրը մի մասին հասնում է, մի մասին` չէ: Հիմա մարդիկ ստիպված ջուրը գնում են, նույնիսկ երեկ «Վեոլիա» ջուրը բնակիչներին բերել, ջուր էր բաժանել»,- ասաց համայնքապետը:
Նրա խոսքով` դեռ մեկ ամիս առաջ գյուղացիները ցանկացել են ճանապարհ փակել, իրենց խնդիրը բարձրաձայնել, սակայն ինքը հորդորել է դիմել մարզպետարան հարցի լուծման համար:
«Արդեն մեկ ամիս է` դիմել ենք, սակայն խնդիրը չի լուծել, մի քանի օր առաջ մարզպետարանից մեզ հայտնեցին, որ իրենք չեն կարող հարցը լուծել, ասացին, որ լավ կլինի` դիմենք Կառավարություն»,-ասաց համայնքապետը:
Նորիկ Մարտիրոսյանն ասաց, որ երկուշաբթի նամակ կգրեն Կառավարություն, եթե Կառավարությունն էլ չկարողացավ հարցը լուծել, այդ դեպքում կդիմեն ծայրահեղ քայլի` ճանապարհ կփակեն: