ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի հույս է հայտնել, որ մոտ ապագայում ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի բանակցություններն աշխատանքային մակարդակում կվերականգնվեն: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ի պատասխան հարցին՝ սպասում է արդյոք, որ մոտ ապագայում բանակցություններն ինչ-որ պահի աշխատանքային մակարդակում կվերականգնվեն, Պոմպեոն ասել է. «Դրա հույսն ունեմ»: «Մենք աշխատում ենք, որ Հանոյից հետո դրա համար հիմք ստեղծենք»,- նշել է նա:

Նրա կարծիքով՝ 2 կողմերը հիմա «լավ վիճակում» են, իսկ Թրամփի հղած ուղերձին Փհենյանի արձագանքը ցույց է տալիս աշխատանքային մակարդակում երկու երկրների շփումները վերականգնելու «միանգամայն իրական հնարավորությունը»: «Մենք պատրաստ ենք ցանկացած պահի առաջ գնալուն, եթե Հյուսիսային Կորեան հայտնի, որ այդ բանակցություններին պատրաստ է»,- եզրափակել է պետքարտուղարը:

Այս ամիս ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Կիմ Չեն Ընից ուղերձ է ստացել: Սպիտակ տան ղեկավարը նրան շնորհակալություն էր հայտնել նամակի համար՝ ուղերձը որակելով «շատ լավ եւ անչափ ջերմ»: Հունիսի 23-ին Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը ծանոթացել է ԱՄՆ նախագահի նամակին, որի բովանդակությունը գերազանց է որակել:

Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը հայտնել էր, որ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ աշխատանքային մակարդակով բանակցություններն ընդհատվել էին Հանոյում տեղի ունեցած 2 երկրների առաջնորդների հանդիպումից հետո: