Վրաստանի օդանավակայաններում կվերականգնեն ժամանած զբոսաշրջիկներին գինի բաժանելու ակցիան. Տուրիզմի ազգային վարչակազմը ծրագրում է հյուրերին 300 հազար բրենդային գինի նվիրել, հայտնում է «Բաթումելեբի» պարբերականը:

Գերատեսչությունն արդեն գինու գնման էլեկտրոնային մրցույթ է հայտարարել: Արժեքը կազմում է 1 մլն լարի:

Մրցութային փաստաթղթերից հայտնի է, որ կնվիրեն չոր գինի Սապերավի տեսակի բաղադրությամբ՝ 100 տոկոսով կոնսերվանտներից զերծ: Շշերը ձիթապտղի գույնի են եւ փոխադրման հատուկ փաթեթավորմամբ:

Մրցույթում հաղթած ընկերությունը պետք է գինի մատակարարի Քութաիսիի, Բաթումիի եւ Թբիլիսիի օդանավակայաններ: Մատակարարումները կսկսվեն պայմանագիրը կնքելուց հետո 30 աշխատանքային օր հետո եւ պետք է ավարտվեն ոչ ուշ, քան 2019 թվականի դեկտեմբերի 25-ին:

Մրցույթին կարող են մասնակցել ընկերություններ, որոնք շուկայում աշխատել են վերջին 6 տարում եւ արտադրել են ոչ պակաս 100 հազար լիտր գինի: Հետաքրքրված ընկերություններից հայտերի ընդունումը կսկսվի հուլիսի 2-ից եւ կավարտվի հուլիսի 5-ին:

Գինու բաժանման արշավը Վրաստանի օդանավակայաններում անցկացվելու է արդեն վեցերորդ անգամ: Վերջին անգամ ակցիան անցկացվել է 2016 թվականի դեկտեմբերին: