Ինդոնեզիայի իշխանությունները նախատեսում են, որ մինչեւ 2024 թվականը կառավարական մարմինները կտեղափոխվեն նոր մայրաքաղաք, որը կգտնվի Կալիմանտան կղզում։ Այս մասին ասել է պլանավորման եւ ազգային զարգացման նախարար Բամբանգ Բրոջոնեգորոն The Jakarta Post թերթի հարցազրույցում։

Գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ «նախատեսվում է ստեղծել առանձին կառույց, որը կզբաղվի մայրաքաղաքի տեղափոխման բոլոր հարցերով։ Մենք հույս ունենք, որ եկող տարի օրենսդրական մակարդակով կհաստատվի գլխավոր պլանը, իսկ արդեն մինչեւ 2024 թվականը կառավարական կառույցները կսկսեն աշխատել նոր մայրաքաղաքում»։

«Մի քանի տարբերակների քննարկումից հետո ընդունվել է որոշում, որ նոր մայրաքաղաքը կգտնվի Ճավա կղզու սահմաններից դուրս»,- նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ արդեն որոշվել է, որ երկրի գլխավոր վարչական կենտրոնը «գտնվելու է Կալիմանտան կղզում»։ «Ինչ վերաբերում է ճշգրիտ տեղին, ապա երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն այն կհայտարարի այս տարի»,- ավելացրել է Բրոջոնեգորոն։

Նա նաեւ ասել է, որ սկզբում նոր մայրաքաղաքի մի քանի տարբերակ կար։ Մասնավորապես, բոլոր պետական կառույցները կենտրոնացնել Ջակարտայի կենտրոնում կամ էլ տեղափոխել մոտակա արբանյակ-քաղաքներից մեկը։ Արդյունքում՝ կանգ առան մեկ այլ կզղի տեղափոխվելու վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Գերակա տարբերակը

Կառավարական փորձագետները  հակված են Պալանկարայա քաղաքին, որը գտնվում է Կենտրոնական Կալիմանտան նահանգում։ Գիտությունների ազգային ակադեմիային կից Ազգաբնակչության խնդիրների հետազոտությունների ղեկավար Հարի Յոգասվափի խոսքով՝ քաղաքը համեմատաբար երիտասարդ է, այն ստեղծվել է անցած հարյուրամյակի կեսերին, եւ այդ ժամանակ հանրապետության առաջին նախագահ, երկրի ազգային հերոս Սուկառնոն մտահղացել էր մայրաքաղաքը տեղափոխել այնտեղ։  Պալանկարայան անվանում են Ինդոնեզիայի ամենագեղեցիկ հատակագծված քաղաքներից մեկը։ Նրա բնակչությունն այսօր կազմում է մի քանի հազար մարդ։

Կալիմանտան կղզին գտնվում է սեյսմիկ անվտանգ գոտում, ինչը կարեւոր է աշխարհում ամենամեծ Ինդոնեզական արխիպելագի համար, որը կազմված է 18 հազար կղզիներից, քանի որ գտնվում է այսպես կոչված խաղաղօվկիանոսյան Կրակե օղակում. տեկտոնական կատակլիզմներն այստեղ տեղի են ունենում օրը միջինը 5-6 անգամ։

Գերծանրաբեռնված մայրաքաղաքը

Ներկայիս մայրաքաղաքը լուրջ խնդիրներ ունի՝ կապված քաղաքային ենթակառուցվածքի անբավարար զարգացման հետ։ Uber ընկերության հետազոտության համաձայն՝ Ջակարտայի խցանումներում մեքենավարներն անցկացնում են տարեկան 22 օր, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Ասիայում։ Բացի այդ, համաձայն Inrix ընկերության զեկույցի, այն զբաղեցնում է 12-րդ տեղը աշխարհի ամենածանրաբեռնված մեգապոլիսների վարկանիշում։

Ջակարտան ունի հատուկ վարչական օկրուգի կարգավիճակ եւ երկրի  առավել հոծ բնակեցված քաղաքներից է, որը գտնվում է Ճավա կղզու հյուսիսարեւմտյան ծովափին։ Վիդոդոն եղել է Ջակարտայի նահանգապետը 2012-210 թվականներին, ընդհուպ մինչեւ երկրի նախագահի պաշտոնում ընտրվելը։