ԱՄՆ Տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (ՆԱՍԱ) իր կայքում հաստատել է Մարսի մթնոլորտում մեթանի հայտնաբերումը, նշված է կազմակերպության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վկայակոչելով New York Times պարբերականին՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՍԱ-ի մարսագնացը չափումների ժամանակ մոլորակի մթնոլորտում հայտնաբերել է մեթանի զարմանալիորեն մեծ ծավալ: Այն կենտրոնից հրահանգ է ստացել հետագա չափումներ կատարելու մասին: Պարբերականի տեղեկություններով՝ սպասվում է, որ այս դիտարկումների արդյունքները Երկիր կստացվեն երկուշաբթի: Այսպիսով՝ գտածոն կարող է վկայել մոլորակի վրա միկրոօրգանիզմների գոյության մասին:

«ՆԱՍԱ-ի մարսագնաց Curiosity-ն այս շաբաթ կատարել է զարմանալի հայտնագործություն՝ առաքելության ընթացքում չափումների ժամանակ հայտնաբերել է մեթանի ամենամեծ քանակությունը՝ մոտ 21 մլրդ մաս: Մեկ միլիարդ մասը նշանակում է, որ Մարսի վրա օդի ծավալի մեկ միլիարդերորդ մասը կազմում է մեթանը»,- նշված է ՆԱՍԱ-ի հաղորդագրության մեջ

Նշվում է, որ «միկրոօրգանիզմների կյանքը Երկրում մեթանի կարեւոր աղբյուրն է, բայց մեթանը կարող է նաեւ ստեղծվել քարի եւ ջրի փոխազդեցության հետեւանքով»:

ՆԱՍԱ-ի մասնագետները շեշտել են, որ մարսագնացը գործիքներ չունի մեթանի աղբյուրի որոշման համար, եւ առայժմ անհնար է պարզել՝ այն կենսաբանակա՞ն, թե՞ երկրաբանական ծագում ունի, ու «հի՞ն» է արդյոք, թե՞ «ժամանակակից»:

Նշվում է նաեւ, որ Curiosity թիմը առաքելության ընթացքում բազմիցս է մեթան հայտնաբերել: Նախկին գրառումների համաձայն՝ գազի ֆոնային մակարդակը սեզոնով պայմանավորված բարձրացել է եւ ընկել: Դրանից բացի, գրանցվել են մեթանի անսպասելի բռնկումներ, բայց թիմի մասնագետներն այս կապակցությամբ քիչ տեղեկություններ ունեն: