NEWS.am–ի տեղեկություններով՝  հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին շուրջ 8 ժամ է թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։

 Մեր տեղեկություններով՝  հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Ավտոբուսում կա 48 ուղեւոր՝ այդ թվում 13 երեխա։ 

Նախնական տեղեկություններով՝ վրացի սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո քաղաքացիներին իջեցրել են, իսկ ավտոբուսը տեղափոխել զննության։ Այս պահին քաղաքացիները սպասում են  հայկական կողմի օգնությանը։

Խնդրի կապակցությամբ NEWS.am–ը մեկնաբանություն խնդրեց «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությունից, սակայն ընկերության մենեջեր Միհրան Մովսիսյանը հայտնեց, որ տեղյակ չէ ստեղծված իրավիճակից։