Երկուշաբթի բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են ավտոշարասյունով անցնել Առաջին հանրապետության հրապարակից մինչեւ Վրաստանի ներքին գործերի նախարարության շենք Թբիլիսիի ծայրամասում եւ այդկերպ ընդլայնել բողոքի ակցիայի ընդգրկումը։

Ավտոշարասյունը կշարժվի Առաջին հանրապետության հրապարակից՝ ազդանշաններով եւ կմոտենա Վրաստանի ՆԳՆ շենքին։

Կազմակերպիչներն առաջարկել են  բոլորին բողոքի ցույց սկսել ժամը 14.00-ին իրենց մեքենաները կանգնեցնելով եւ ազդանշաններ տալով։

Ամենամեծ մասշտաբային ակցիան կշարունակվի մինչեւ ժամը 19.00-ն։ «Մասնակիցների պահանջները չեն փոխվել՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարական, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում համամասնական կարգով եւ բոլոր կալանվածների ազատում։

Բողոքի ակցիաները Թբիլիսիում սկզբում կրում էին պատասխան բնույթ՝ ուղղված Վրաստան Պետդումայի պատգամավորի այցելության եւ խորհրդարանում նրա ելույթի դեմ։ Հունիսի 21-ի գիշերը հակառուսական ակցիան վերաճեց անկարգությունների եւ հակակառավարական ելույթների։ Ընդվզողները փորձեցին ներխուժել խորհրդարան, ի պատասխան՝ ոստիկանները կիրառեցին արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ։ Անկարգությունների ընթացքում տուժել է 240 մարդ, այդ թվում 80 ոստիկան, կալանվել է 305 մարդ։

Արդեն հաջորդ օրը կտրուկ փոխվեց ակցիայի բնույթը՝ այն դարձավ ընդգծված խաղաղ, բայց ընդվզողներն իրենց պահանջներին ավելացրին Գեորգի Գախարիայի հրաժարականը ներքին գործերի նախարարի պաշտոնից՝ որպես մարդու, ով պատասխանատու է ուժի անհամաչափ կիրառման համար ցուցարարների դեմ, գրում է Sputnik-Գրուզիան։