Օրերս ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի Սիս համայնքի մի բնակիչ ձեռք է բերել գողացված ձկներ ու ձկան կերեր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 10-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների եւ Մասիսի բաժնի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկություն կատարեցին Սիս համայնքի մի ձկնաբուծարանում: Արդյունքում՝ պահեստարաններից երկուսում հայտնաբերվեցին 44 պարկ տարբեր տեսակի ու քաշի ձկան կերեր:

Բացի այդ, քարե շինության ննջասենյակից հայտնաբերվեց դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածներով 7 թղթե փաթեթներ եւ պոլիեթիլենային տոպրակի մեջ լցված դեղնականաչավուն սերմանման զանգված:

Նույն հասցեի կիսակառույց ջերմատնից հայտնաբերվեց կանեփի մշակված 47 թուփ:

Բացի այդ, սեփականատերը Սիս գյուղի իր առանձնատնից ոստիկաններին ներկայացրեց եւս 15 փաթեթ՝ լցված դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածով եւ նույն զանգվածով տարա: Նա ներկայացրեց նաեւ մեկփողանի, 12 մմ տրամաչափերի, գործարանային համարներով երկու հրացան, ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, 10 հատ փամփուշտ:

Ըստ ձնկաբուծարանի սեփականատիրոջ հայտարարության՝ փաթեթներում կանեփ թմրամիջոց է, ինքն է մշակել անձամբ օգտագործելու համար:

Սեփականատերը ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու, ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու, ինչպես եւ ապօրինի զենք ու ռազմամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է քննություն: