Վրաստանում խորհրդարանի ընտրությունները 2020 թվականին տեղի կունենան համամասնական ընտրակարգով եւ զրոյական անցումային շեմով։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է կառավարող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Այպիսով, իշխանությունները զիջեցին ընդդիմության պահանջներին, որը վերջին ժամանակներս պահանջում էր անցում համամասնական ընտրակարգին, այսինքն՝ պատգամավորների ընտրություն կուսակցական ցուցակներով։

Վրաստանի սահմանադրության համաձայն՝  ընտրակարգը պետք է փոխվեր միայն 2024-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հենց այդ ժամանակ էլ պետք է տեղի ունենային ընտրություններ միայն համամասնական ընտրակարգով։ Մինչ այդ խորհրդարանի ընտրություններում 77 պատգամավոր ընտրվում էր կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ միամանդատ տեղամասերում։

Հունիսի 13-ին 20 ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները Վրաստանի խորհրդարան ներկայացրին 300 հազար ստորագրություն՝ պահանջելով անցում համամասնական ընտրական համակարգին արդեն 2020-ին, այսինքն՝ չեղարկել պատգամավորների մեծամասնական ընտրակարգը արդեն առաջիկա ընտրություններում։ Այնինչ, կառավարող կուսակցությունում ասել են, որ չեն պատրաստվում քննարկել այդ նախաձեռնությունը։

Համամասնական ընտրակարգի անցման պահանջը հնչում է ամեն օր, բողոքի բազմահազարանոց ակցիաների ժամանակ, որոնք տեղի են ունենում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ այն բանից հետո, երբ հունիսի 20-ին վրացական խորհրդարանում ելույթ ունեցավ ռուսաստանցի պատգամավորը։