Փախստականները ԵՄ երկրներում պաշտպանություն գտնելու խնդրագրեր արդեն երրորդ տարին անընդմեջ ավելի քիչ են ներկայացնում, միեւնույն ժամանակ, 2018-ին գրանցվել է նաեւ իշխանությունների դրական պատասխանների թվի նվազում, ասվում է Ապաստանի հատկացման եվրոպական գրասենյակի (EASO) զեկույցում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«2018-ին ԵՄ+ երկրներում (ներառում են Նորվեգիան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը եւ Իսլանդիան- խմբ.) տրվել է միջազգային պաշտպանության 664 հազար 480 հայտ, ինչը վկայում է երրորդ տարին անընդմեջ տվյալների նվազման մասին, այս անգամ 10 տոկոսով»,- ասվում է գործակալության ամենամյա զեկույցում։

Հայտերի թիվը, այդկերպ, համադրելի է 2014-ի տվյալներին։ «Միգրացիոն ճնշումը ԵՄ արտաքին սահմաններին նվազում է երրորդ տարին անընդմեջ»,- ասվում է փաստաթղթում։

Աեմնից շատ ապաստան ստանալու հայտ  2018-ին ստացվել է Սիրիայի, Աֆղանստանի եւ Իրաքի քաղաքացիներից (նրանք միասին կազմել են բոլոր հայտատուների ավելի քան քառորդ մասը՝ 27 տոկոս)։ Թոփ-10-ում են նաեւ Պակիստանը, Նիգերիան, Իրանը, Թուրքիան (4-ական տոկոս), Վենեսուելան, Ալբանիան եւ Վրաստանը (3-ական տոկոս)։

«Ինչ վերաբերում է ընդունող երկրներին, ապա 2018-ին ապաստան ստանալու խնդրանքների մեծ մասը տրվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի եւ Իսպանիայի համար։ Ընդհանուր առմամբ, այս հինգ երկրներին բաժին է ընկել բոլոր հայտերի գրեթե քառորդ մասը»,- ասվում է զեկույցում։

Ընդ որում՝ իշխանությունները 2018-ին  կայացրել են ավելի քան 601,5 հազար որոշում առաջին ատյանում, ինչը «39 տոկոսով պակաս է 2017-ի համեմատ»։

«Այսպիսով, 2018-ին ԵՄ+-ում տրվել են մի փոքր ավելի շատ խնդրանքներ, քան կայացվել են որոշումներ։ Որոշումների մեծ մասը (367,3 հազար կամ 61 տոկոս) բացասական է եղել, պաշտպանություն չի տրամադրվել»,- ասել են գործակալությունում։

Առաջին ատյանում ընդունվելու ցուցանիշը 2018-ին կազմել է 39 տոկոս՝ «նվազելով 7 տոկոսային կետով նախորդ տարվա համեմատ»։ Փախստականի կարգավիճակի ընդունման ավելի ցածր ցուցանիշներ գրանցվել են Սոմալիի, Իրանի, Իրաքի, Էրիթրեայի եւ Սիրիայի հայտատուների համար։

Ընդ որում՝ Վենեսուելայից, Չինաստանից, Սալվադորից եւ Թուրքիայից խնդրողների համար գրանցվել են տատանումներ դեպի ավելանալու կողմը»։ Ճանաչման ամենաբարձր ցուցանիշները եղել են Եմենի հայտատուների (89 տոկոս), Սիրիայի (88 տոկոս) եւ Էրիթրեայի (85 տոկոս) հանդեպ, իսկ ամենացածրները՝ Մոլդովայի (1 տոկոս), Հյուսիսային Մակեդոնիայի (2 տոկոս) եւ Վրաստանի (5 տոկոս) հանդեպ։