Չեմ հասկանում՝ ինչու եք մտահոգվել «սիրուն աղջիկ» արտահայտությունից, որն ընդամենը կոմպլիմենտ էր: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախօրեին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում արված հայտարարությանը: Մարուքյանը խքոսելով Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման անհրաժեշտության մասին կոչ էր արել «Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան (տաթեւիկ Ռեւազյան-խմբ) եւ մեր փայլուն աշխատող Կառավարությանը այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն եւ այդ խնդիրը կարգավորեն»:

«Մինչեւ հիմա այդ սիրուն աղջիկը որեւէ գործ, արդյունք չի տվել, եւ սա կոչ էր, որպեսզի դուք ակտիվացնեք փայլուն կառավարությանն ու սիրուն աղջկան»,-ասաց Սամսոնյանը՝ հավելելով, որ Էդմոն Մարուքյանը կառուցողական առաջարկ է արել Գյումրիի օդանավակայանի տրանզիտային չվերթները ակտիվացնելու համար.

«Գիտեք, որ հարեւան Վրաստանում կատարվում են իրադարձություններ, եւ այդ ֆոնին պարոն Մարուքյանն առաջարկում էր ընդամենը ակտիվացնել Գյումրիի օդանավակայանի տրանզիտային չվերթները՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Հիմա, որպեսզի դուք կենտրոնանանք առաջարկի վրա, կենտրոնացել եք ոճաբանության վրա: Նախ չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք մտահոգվել փայլուն կառավարություն արտահայտությունից, որովհետեւ դա ձեր արտահայտությունն է, մի գուցե, ձեր կառավարությունն այդքան էլ փայլուն չէ, եւ այդ բառը ձեզ այդպես անհանգստացրել է»:

Սամսոնյանն ասաց՝ չի հասկանում, թե ինչու են  պատգամավորները մտահոգված Մարուքյանի՝ «սիրուն աղջիկ» արտահայտությունից. «Դա ընդամենը կոմպլիմենտ էր, մինչեւ հիմա այդ սիրուն աղջիկը որեւէ գործ, արդյունք չի տվել, եւ սա կոչ էր, որպեսզի դուք ակտիվացնեք փայլուն կառավարությանն ու սիրուն աղջկան: Եթե ձեր անգործությունը պետք է արդարացնեք այսպես, եւ տրանզիտային օդանավակայան դառնա Բաքուն, Անկարան, ապա ես խոսքեր չունեմ ասելու: Դուք կարող եք այստեղ ժամանակ ծախսել բամբասկոտ տղամարդկանց նկատմամբ նման արտահայտություններ անելով, իսկ այդ ընթացքում, իհարկե, կշահեն Բաքուն եւ Անկարան: Շարունակեք այդ գործելաոճը, եւ կենտրոնացեք ինչ-որ ոճաբանությունների վրա, բայց ոչ՝ առաջարկի, եւ այդպես էլ անգործության մեջ մնացեք»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց Անի Սամսոնյանի ելույթին.

«Չի կարելի, ես խնդրում եմ զերծ մնալ նման արտահայտություններից, եւ չիջնել մնացածի մակարդակին: Խոսքը ոճաբանությանն է վերաբերել, տիկին Սամսոնյան ձեզ հրավիրելուց ես ինձ իրավունք չեմ վերապահի երբեւիցե հրավիրել սիրուն կամ  գեղեցիկ աղջկա, դա ձեր միակ արժանիքը չէ, ինչպես նաեւ կառավարության միակ արժանիքը, եւ նշված միակ արժանիքը գեղեցիկ եւ փայլուն լինելը չէ»:

Հաջորդ ելույթ ունեցող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հպանցիկ անդրադարձավ վեճի առարկա թեմային՝ դիտարկելով այն իր համար կարեւոր՝ սեռական կողմնորոշման համատեքսում. «Տղամարդու կողմից գովեստը սիրուն աղջկան այնքան վտանգավոր չէ, ինչքան գովեստը տղամարդու կողմից սիրուն տղամարդուն»: