Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններին պատրաստ չէ պատժամիջոցային ռեժիմի պահպանման դեպքում: Երկուշաբթի այս մասին իր Twitter-յան էջում նշել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խորհրդական Խեսամոդին Աշնան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մենք ասում ենք՝ պատերազմ չենք ցանկանում, բայց եւ չենք ընդունի պատժամիջոցները,- գրել է Աշնան: - ԱՄՆ-ի կողմից բանակցություններին պատրաստ լինելու մասին առաջարկությունները այն պայմաններում, երբ սպառնալիքներն ու պատժամիջոցները պահպանվում են, չեն կարող ընդունելի լինել»:

Նրա խոսքով՝ «պատերազմի սպառնալիքը եւ պատժամիջոցները միեւնույն մեդալի երկու կողմն են»: «Եթե ԱՄՆ-ն պայմանավորվածություններ է ցանկանում՝ բացի միջուկային գործարքից, ապա պետք է ինչ-որ բան առաջարկի՝ բացի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից եւ միջազգային երաշխիքներով»,- շեշտել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Թեհրանի հետ բանակցություններին: Ընդ որում՝ նա ասել է, որ շահագրգռված է ներկայումս գործող ԳՀՀԾ-ն այլ պայմանագրով փոխարինելու հարցում, որը կներառեր ոչ միայն Իրանի ատոմային ծրագիրը, այլեւ հարցերի լայն սպեկտր՝ ներառյալ Թեհրանի հրթիռային ծրագիրը եւ նրա տարածաշրջանային քաղաքականությունը:

2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԳՀՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու մասին, որը կնքվել էր 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի սահմանափակող միջոցառումների չեղարկման դիմաց: Վաշինգտոնը Թեհրանի դեմ նախկին պատժամիջոցները վերականգնել էր, ինչպես նաեւ մտցրել մի շարք նոր սահմանափակումներ: