Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը, որով բավարարվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Էթիկայի հանձնաժողովի։ Այս մասին NEWs.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։ Բողոքն ընդունվել է վարչական դատարանի վարույթ և մակագրվել դատավոր Աշոտ  Սարգսյանին։

Հիշեցնենք որ 2019թ. մայիսի 17–ին վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանը վճռել էր Վաչագան Ղազարյանի հայցը բավարարել` պարտավորեցնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վերացնել (ոչնչացնել) Վաչագան Ղազարյանի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված` հայտարարատու պաշտոնատար անձի և նրա կնոջ  2017 թվականի գույքի, եկամուտների հայտարարագիրը։

Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափը թաքցնելու, ինչպես նաեւ ապօրինի հարստանալու մեջ։