Ամեն տարի Հայաստանի պետական բյուջեից «Ավիացիոն ուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին հատկացվում են միջոցներ ուսանող օդաչուների ուսումնական թռիչքների իրականացման համար։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում, հունիսի 24-ին ասաց ՀՊ նախագահ Լեւոն Յոլյանը՝ մեկնաբանելով քաղաքացիական ավիացիայի ոլորտում բացահայտված խախտումները։ 

Նրա խոսքով՝ այդ նպատակների համար կառույցը վարձակալել է «DIAMOND 40» տեսակի ինքնաթիռ։ Յոլյանը նշել է, որ, սկսած 2013 թվականից, պետական կառույցը այդ ինքնաթիռը վարձելու համար վճարել է 600 մլն դրամ։ «Իսկ մինչ այդ ինքնաթիռը ընկերության կողմից ներմուծվել էր 2013-ին 86,2 մլն դրամով։ Ստացվում է, որ այդ տարիներին վարձակալման արժեքը յոթ անգամ գերազանցել է ինքնաթիռի բուն արժեքը»,- պարզաբանել է ՀՊ նախագահը։