Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով Համահայկական ամառային 7-րդ խաղերի երրորդ ջահը վառվեց Ացախի Տիգրանակերտում: Այս մասին տեղեկացնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, այլ բարձրաստիճան հյուրեր: Պարգեւ սրբազանն արարողության կարեւորությունն ընդգծեց հայի ինքնությունը շատ բարձր պահելու առումով։

«Նման միջոցառում Արցախում անցկացնելը շատ մեծ նշանակություն ունի: Մենք ոգեկոչում ենք անցյալի փառքն ու նշում ներկայի ձեռքբերումները, արցախյան հաղթանակները: Սերունդների համար կարեւոր ձեռքբերում է սա»,-ասաց Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Համահայկական 7-րդ ամառային խաղերի երրորդ ջահը վառեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից, Մարտական խաչի ասպետ, պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ Արթուր Աղասյանը:

«Հպարտության եւ պատասխանատվության շատ բարձր զգացումով եմ առաջնորդվել։ Այս ամենը պարտավորեցնող է, կարեւոր խորհուրդ ունի իր մեջ»,-ասաց Աղասյանը:

Համահայկական խաղերի ջահի վառման միջոցով մեր ուժն ու կամքը եւս մեկ անգամ դրսեւորող դրվագներում մասնակցող տղաների համար հայրենասիրական, ուսուցանող պատգամ է այս միջոցառումը։

«Ես ինձ ակամա զգում էի Տիգրան Մեծի զինվոր, կարծես ճամփորդում էի պատմության մեջ: Համահայկական խաղերի՝ Արցախում նույնպես անցկացնելը շատ բարձր ոգի է հաղորդելու բոլորիս: Մենք ցուցադրում ենք մեր ուժն ու միասնականությունը»,-ասաց զինվորներից մեկը:

Հայաստանի Հանրապետությունը, Արցախն ու Սփյուռքը խորհրդանշող ջահերից առաջինը վառվեց մեր պատմական հայրենիքում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը՝ Խոր Վիրապում, երրորդը՝ Արցախի Տիգրանակերտում։ Օգոստոսի 6-ն՝ խաղերի բացման օրը, Ստեփանակերտում երեք ջահերով կվառվի հիմնականը։ Համահայկական ամառային 7-րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-17-ը՝ Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում, խաղերի կարգախոսն է. «Միասնություն՝ սպորտով»: