Սեւանա լճի հարցում իսկապես խնդիրներ կան, բայց ջրի կորուստի գրանցումը բավականին լուրջ խնդիր է: Հունիսի 24-ին ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՊ նախագահ Լեւոն Յոլյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, որն առնչվում էր Սեւանա լճից բաց թողնված ջրի 60 տոկոս կորուստին վերաբերող տեղեկությանը:

Նա չբացառեց, որ այս խնդիրը կարող էր չարամտորեն առաջանալ: «Հավանաբար, կան մարդիկ, որոնք շահագրգռված են այդպիսի հաշվարկներ կատարելու հարցում»,- պարզաբանեց պաշտոնյան:

Յոլյանը հայտնեց, որ այս հարցը բարձրացվել է կառավարության առաջ, եւ այն պատշաճ կերպով իրենց տեղեկացրել է, որ տարբեր ծրագրեր են իրականացվում, եւ հետագայում բավականին լուրջ ներդրումներ կարվեն ջրի հաշվարկման մեխանիզմի բարելավման համար: «Ոմանք խոսում են 60 տոկոսի մասին, մյուսները՝ 10 տոկոսի, բայց ես անձամբ կարող եմ ասել, որ ոչ մի կոնկրետ հաշվարկ չունենք»,- ամփոփեց ՀՊ ղեկավարը: