Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն երկուշաբթի հայտարարել է, որ Անկարան ձեռք է բերել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները, չնայած Վաշինգտոնի սպառնալիքներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք Ս-400-ները ձեռք բերեցինք, չնայած ԱՄՆ հայտարարություններին եւ անկախ այն բանից, թե պատժամիջոցների վերաբերյալ ինչ որոշումներ կընդունվեն: Հիմա քննարկվում է Թուրքիա Ս-400-ի մատակարարումների հարցը: Մենք այդ համակարգերից չենք հրաժարվի»,- նրա խոսքն է մեջբերել NTV հեռուստաալիքը:

Չավուշօղլուրի խոսքով՝ ոչ մի երկիր «իրավունք չունի Թուրքիային որեւիցե ցուցում տալու»:

Ս-400-ի մատակարարումների մասին ՌԴ-ի եւ Թուրքիայի բանակցությունների մասին առաջին տեղեկությունները հայտնվել էին 2016 թվականի նոյեմբերին: Պայմանագրի կնքման փաստը ռուսական կողմը հաստատել էր 2017 թվական սեպտեմբերի 12-ին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ավելի վաղ հայտարարել էր, որ Ս-400-ի տեղակայումը կարող է սկսվել 2019-ի հոկտեմբերին: 2017 թվականի դեկտեմբերին «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտնել էր, որ Անկարային Ս-400 համալիրի մատակարարման արժեքը կազմում է 2,5 մլրդ դոլար:

ԱՄՆ-ն ակտիվ փորձեր էր ձեռնարկում Թուրքիայի կողմից Ս-400-ի գնումը թույլ չտալու համար: Վաշինգտոնն ավելի վաղ Անկարային արդեն նախազգուշացրել էր, որ երկրի սպառազինության համար այս համակարգերի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ն կարող է Թուրքիային մերժել F-35 կործանիչ-ռմբակոծիչների վաճառքը: