«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի հրավերով Հայաստան է ժամանել  TRAFIGURA միջազգային խոշորագույն թրեյդինգային ընկերության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն և բաժնետեր Ջերեմի Վեիրի գլխավորությամբ: Այդ մասին NEWS.am–ին հայտնեցին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մամուլի ծառայությունից։

Պատվիրակության անդամները տեղում ծանոթացել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» արտադրական հզորություններին, ենթակառուցվածքներին և ընկերության ղեկավարության հետ քննարկել փոխգործակցության հեռանկարային ծրագրեր:

Համագործակցության ուղիների քննարկման համատեքստում, կողմերը գոհունակություն են հայտնել գործարար հարաբերությունների ներկա մակարդակից, որի շրջանակներում 2019 թվականի ընթացքում Հայաստանում արդեն իսկ կատարվել է 70 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: Հանդիպման մասնակիցներն արձանագրել են նոր, ավելի խոշոր և հավակնոտ ծրագրեր իրականացնելու  փոխադարձ պատրաստականությունը:

Նշենք, որ TRAFIGURA միջազգային խոշորագույն թրեյդինգային ընկերության տարեկան շրջանառությունը հասնում է 200 միլիարդ ԱՄՆ դոլարի: Ընկերությունը  մասնագիտացած  է մետաղների, էներգետիկայի և ածխաջրածնային հումքի, այդ թվում` նավթի առևտրում: Ընկերությունը աշխարհում նավթի և մետաղների խոշորագույն մատակարարների ցանկի առաջատարներից է: