Հայաստանի Հաշվեքննիչ պալատը միջոցներ է հատկացրել միայն թուղթ եւ քարթրիջ ձեռք բերելու համար, ու ոչ մի լրացուցիչ ծախս չի կատարվել: Հունիսի 24-ին ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՊ նախագահ Լեւոն Յոլյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, որը հետաքրքրվեց, թե որքան միջոց է ծախսվել խորհրդարանականների քննարկմանը ներկայացված հաշվետվության տպագիր տարբերակի յուրաքանչյուր օրինակի համար:

Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ Հաշվեքննիչ պալատը պատգամավորներին է ներկայացրել 60-էջանոց «գիրք», որի կեսը փաստացի դատարկ է: «Սա մի՞թե արդյունավետ է: Դուք կարող եք հայտարարել, որ մի էջը արժեցել է 10 դրամ, բայց 60 էջն արդեն 600 դրամ է: Խորհրդարանում աշխատում է 132 պատգամավոր: Ստացվում է, որ դուք ծախսել եք ուսուցչի մի ամբողջ աշխատավարձ: Դուք հաշվետվությունը ներկայացրել եք 14 տառաչափով: Կարող էիք օգտագործել 20 չափն էլ, եւ այդ դեպքում էջերի թիվը կհասներ 120-ի: Չե՞ք կարծում, որ վեթինգը պետք է սկսել ձեր ղեկավարած  Հաշվեքննիչ պալատից»,- դժգոհեց Սիսակ Գաբրիելյանը:

Ի պատասխան Յոլյանը նշեց, որ իրենք «գրքերի» տպագրության համապատասխան սարք ունեն: ՀՊ նախագահը նաեւ ասաց, որ իրենք այս կերպ փորձել են պատգամավորների հանդեպ հարգանք դրսեւորել: «Եթե ոչ արդյունավետությունը վերաբերում է նրան, որ մենք ծախսել են 2 հազար դրամ արժողությամբ մի տուփ թուղթ, ապա համաձայն եմ, մենք ասվածն ի գիտություն կընդունենք»,- հավելեց Յոլյանը: