ՌԴ-ից Վրաստան ավիափոխադրումների վերականգնումը հնարավոր է այդ երկրում իրավիճակը հակառուսատյաց հուն վերադարձնելուց հետո։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հրապարակված փաստաթղթերից (նախագահի հրամանագրից՝ հունիսի 8-ից Ռուսաստանիից Վրաստան ավիափոխադրումների ժամանակավոր արգելքի մասին) երեւում է, որ հստակ ժամանակ այնտեղ նշված չէ։ Խոսքը պարզապես Վրաստանում իրավիճակը ոչ ռուսատյաց հուն վերադարձնելու մասին է։ Հենց որ դա կատարվի, այդ ժամանակ դա առիթ կդառնա այն բանի համար, որպեսզի մտածենք ընդունված որոշման վերանայման մասին»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ «քանի դեռ իրավիճակն, ընդհակառակը, խորացման միտում ունի, այնտեղ կան ներքաղաքական ճգնաժամի որոշակի նշաններ»։ «Դա մեր գործը չէ, դա Վրաստանի ներքին գործն է։ Մեր գործն այն է, երբ դա ձեռք է բերում հակառուսական բնույթ։ Դա այն է, ինչն ստիպում է մեզ հուզվել»,- ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան ընդունում որոշումներ այս կամ այն երկիր թռիչքների սահմանափակման մասին, որտեղ հնչում են հակառուսական հայտարարություններ կամ տեղի են ունենում հակառուսական ակցիաներ,Պեսկովն ասել է, որ այդ հարցը որոշելիս «սահմանը շատ պարզ է»։ «Եթե իրավիճակն այն երկրներում, որտեղ ռուսաստանցի պատգամավորների վրա, գտնվելով խորհրդարանի շենքում միջազգային միջոցառման շրջանակում, գրոհում է ծայրահեղականների ամբոխը բավական միանշանակ կարգախոսներով, որոնք չեն հանդուրժում երկակի ընթերցում, ապա այդ երկրներին հատուկ վերաբերմունք է պետք, եւ դա առիթ է, որպեսզի մտածես»,- պարզաբանել է նա։

«Ընդհանուր առմամբ, ցավոք, կարելի է փաստել, որ հիմա Վրաստանում տիրում է խիստ ռուսատյաց հիստերիա։ Այն արհեստականորեն հրահրվում է ներսից արմատական տարրերի կողմից»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նրա կարծիքով, «կարելի է միայն ափսոսանք հայտնել այս առնչությամբ»։

Ռուսաստանցիների անվտանգությունը

Կրեմլի ներկայացուցիչը ճշգրտել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի հետ ուղղակի ավիափոխադրումների ժամանակավոր սահմանափակում է մտցրել՝ մտահոգվելով ռուսաստանցիների անվտանգության մասին, որոնց կարող է վտանգ սպառնալ այդ երկրում։ Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ընդունված միջոցները չի կարելի պատժամիջոց անվանել։

«Ուլտրասների ագրեսիվ պահվածքին անմիջականորեն բախվել են մեր լրագրողները (Վրաստանում), անմիջականորեն ագրեսիվ պահվածք իրենց հանդեպ զգացել են մեր խորհրդարանականները»,- փաստել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նրա կարծիքով՝ «նշված օրինակները բավականաչափ են, որպեսզի հասկանանք, որ ընդհանուր առմամբ վտանգ (ռուսաստանցիների համար Վրաստանում) կարող է լինել»։ «Իհարկե, այս ռիսկի ֆոնին մտցվել են հարկադրյալ ռեստրիկցիաներ»,- ասել է Պեսկովը։

Նա կտրականապես չի համաձայնել այն ենթադրության հետ, որ Վրաստանում ռուսաստանցիներին միայն հիփոթետիկ վտանգ է սպառնում։ «Ի՞նչ հիփոթետիկ։ Դուք հարցրեք Ռուսաստանի պետական հեռուստառադիոպետկոմի լրագրողներին, թե որքանով է հիփոթետիկ դեմքին հարված ստանալը։ Դա բնավ հիփոթետիկ չէ, ֆիզիկական է»,- համոզված է Պեսկովը։  Շաբաթ օրը Թբիլսիի կենտրոնից ոչ հեռու անհայտ անձինք փորձել են կռվի մեջ ներքաշել «Ռոսիա-24» հեռուստաալիքի նկարահանող խմբին։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ խոսքը հենց ռեստրիկցիաների մասին է, այսինքն՝ սահմանափակումների։ «Մենք խոսում ենք այն մասին, որ դա հարկադրյալ սահմանափակում է։ Ռուսաստանը ոչ մի կերպ չի պատրաստվում հարմարվել (այլ երկրներին) իրենց դիրքորոշումը պարտադրելիս, երկակի ստանդարտներ օգտագործելով, որոնք անօրինական են։ Այս դեպքում խոսքը ոչ թե պատժամիջոցների, այլ թռիչքների սահմանափակումների եւ ժամանակավոր սահմանափակումների մասին է»,- ասել է Պեսկովը։

Նա կրկնել է, որ ընդունված միջոցները «իսկապես հարկադրյալ են, որովհետեւ այստեղ կանգնած է հմինական նպատակը. նախագահը, որպես բոլոր ռուսաստանցիների նախագահ, պետք է մտածի անվտանգության մասին, ուստի նա ընդունել է նման որոշում։ «Ուղղակի սպառնալիքի գոյությունը ռուսաստանցիների համար հենց հիմք է ժամանակավոր սահմանափակումներ մտցնելու համար»,- համոզված է Պեսկովը։

«Ավելի քան մեկ միլիոն - միլիոն երկու հարյուր հազար մեր համաքաղաքացիներ տարեկան այցելում են Վրաստան, թռիչքների ժամանակավոր սահմանափակում մտցնելը էապես կնվազեցնի այդ թիվը։ Չկա եւ չի կարող լինել որեւէ երկիր այցելելու արգելք։ Կա նախազգուշացում մեր քաղաքացիներին՝ հաշվի առնելու այն վտանգը, որը, ցավոք, հիմա երկրում (Վրաստանում) առկա է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Իրավիճակի զարգացումը

Պեսկովն ավելացրել է, որ չգիտի լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու պլանների մասին Վրաստանում իրավիճակի հետագա վատթարացման դեպքում։

«Առայժմ ինձ հայտնի չէ նման պլանների գոյության մասին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ընդ որում՝ շարունակելով արդեն մտցված սահմանափակումների թեման՝ Պեսկովն ասել է, որ չունի այն հարցի պատասխանը, թե կփոխհատուցվեն արդյոք ռուս զբոսաշրջիկների ուղեգրերը։ «Չեմ կարող պատասխանել ձեր հարցին, մանրամասները չգիտեմ, կփորձենք պարզել»,- խոստացել է նա։