ԱՄՆ-ը պատրաստ է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները համապարփակ գործարքի կնքման դեպքում: Այս մասին հայտարարել է Իրանի հարցով Բրյուսելում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նոր գործարքը պետք է իսկապես համապարփակ լինի, ներառի միջուկային խնդրի, բալիստիկ հրթիռների, մարդու իրավունքների եւ տարածաշրջանում Թեհրանի գործունեության խնդիրների լուծումներ»,- հայտարարել է նա:

Հուկի խոսքով՝ ԱՄՆ-ն առավելագույն դիվանագիտական ճնշումները կգործադրի Իրանի վրա՝ երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հասնելով Իրանի կողմից Հորմուզի նեղուցում ազատ տեղաշարժին:

Նրա խոսքով՝ մինչ այժմ Իրանը չէր հետեւում դիվանագիտությանը, իսկ այժմ նրա դեմ կկիրառվեն ԱՄՆ զինանոցում առկա բոլոր հնարավոր միջոցները:

Խոսելով Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին, Հուկն ասել է, որ այդ հարցը կլուծի նախագահը:

Նա նաեւ հրաժարվել է մանրամասներ հայտնել Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների մասին:

Հիշեցնենք, որ Օմանի ծոցում հունիսի 13-ին երկու լցանավ հարձակման էր ենթարկվել, պատճառները պարզվում են: ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան եւ Մեծ Բրիտանիան դրանում մեղադրում է Իրանին:

2018 թվականի մայիսի 8-ին Վաշինգտոնը հայտարարեց 2015 թվականին կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու մասին եւ սահմանափակեց Թեհրանի միջուկային մշակումները: 2019 թվականի մայիսի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց այդ ծրագրով իր պարտավորությունների մի մասից հրաժարավելու մասին: Նրա խոսքով՝ Թեհրանը կվերսկսի ուրանի հարստացման աշխատանքներն ու կդադարեցնի Արակում ծանր ջրերում ռեակտորի արդիականացումը, եթե գործարքի մասնակիցները 60 օրում չիրականացնեն համաձայնագրի պահանջները, այդ թվում՝ բանկայի ոլորտի եւ նավթի առեւտրի հարցերում: