Հայաստանի Հաշվեքննիչ պալատի լիազորությունները սահմանափակ են, եւ խորհրդարանը նույնպես օժտված է վերահսկողություն իրականացնելու գործառույթներով: Հունիսի 24-ին ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՊ նախագահ Լեւոն Յոլյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին, որին հետաքրքրում էր, թե արդյոք համապատասխան պատիժ կրել են պետական միջոցներ յուրացրած անձինք:

Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ ներկայացված հաշվետվության համաձայն՝ Հայաստանի Հաշվեքննիչ պալատը հայտնաբերել է պետական միջոցների յուրացման մեծ թվով դեպքեր: «Մասնավոր անձանց կողմից ընդհանուր 86 մլն դրամի հուղարկավորության նպաստների բազմակի յուրացման բազմաթիվ դեպքեր են հայտնաբերվել: Ընդ որում՝ 60 մարդ ստացել է հուղարկավորության 448 նպաստ, իսկ ընդամենը 4 մարդ հաջողեցրել է ստանալ 53,4 մլն դրամ ընդհանուր գումարով 267 նպաստ: Նույնիսկ դեպք է եղել, երբ մեկ մարդը ստացել է հուղարկավորության 169 նպաստ»,- դժգոհեց պատգամավորը:

Յոլյանն, իհարկե, ոչ մի կոնկրետ պատասխան չտվեց: «Մեզ համար ամեն ինչ պարզ է: Մենք գիտենք, թե նրանք ինչ կերպ են ծավալել այս մեքենայությունները, լինեն դրանք բանկեր, թե «Հայփոստը»: Մի մարդ հաջողեցրել է ստանալ 33,4 մլն դրամ: Դուք կարող եք դիմել Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարություն՝ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար»,- ասաց պաշտոնյան: