Երեւանի ավագանին իր այսօրվա՝ հունիսի 24-ի նիտում մերժեց Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի փակուղին անվանափոխել անվանի նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անվամբ:

Հարցը ներկայացրեց ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը՝ նշելով, որ ինքն էլ այդ փողոցի բնակիչ է եւ ճանաչում է Հենրիկ Ոսկանյանին:

Նրա խոսքով, Հենրիկ Ոսկանյանը ապրել եւ ստեղծագործել է Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի փակուղում եւ վայելել բնակիչների սերն ու հարգանքը: Վերջինս ստեղծագործել է ուրույն ոճով՝ ստեղծելով իր անհատական ձեռագիրը նկարչական արվեստի բնագավառում:

»Տվյալ տարածքի բնակիչների ցանկությունն է, որ վերոհիշյալ փակուղին անվանափոխվի հայտնի եւ սիրված նկարչի անվամբ: Փակուղին անվանափոխելու մեկ այլ պատճառ հանդիսանում է այն, որ տեղի բնակիչների անձնագրերում հասցեները տարբեր կերպով են գրանցված, օրինակ՝Բաշինջաղյան նրբանցք, Բաշինջաղյան 1-ին նրբանցք, Բաշինջաղյան փակուղի: Այսպիսով, հստակ անվանակոչումը թույլ կտա նաեւ խուսափել այս խնդրից:

Բացի այդ Անաստասավանի բոլոր փողոցները՝ բացի վերը նշվածից անվանակոչված են:

Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ եւ՛ Հենրիկ Ոսկանյանը, եւ՛ Գեւորգ Բաշինջաղյանը, ում անվամբ էլ կոչվում է Բաշինջաղյան փողոցը, անվանի նկարիչներ են, նպատակահարմար եւ տրամաբանական է փակուղու անվանափոխման հարցի դիտարկումը»,-ասաց նա:

Համապատասխան հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ իրենց հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: Նրա խոսքով, իրենք դիմել են եւ նկարիչների միություն, եւ այլ պատկան մարմիններ, որտեղից ստացված տեղեկություններն ի մի բերելով որոշում է կայացվել բացասական եզրակացություն տալ նախաձեռնությանը:

Մարկոս Հարությունյանը նշեց, որ այդ փողոցը աշխարհագրական առումով ոչ մի բան չի ներկայացնում. «Նենց մի փողոց էլ չի, որ տանենք մի անվանի մարդու անուն դնենք: Իրենից ոչինչ չներկայացնող փողոց է, կարող ենք գեղեցիկ ժեստ անել բնակիչներին: Բնակիչներն ուզում են հենց այդ անունով տեսնել փողոցը, ինչն է խանգարում դրան, մանավանդ, որ դա աշխրհացուցն փողոց չէ, 7-8 տուն է»:

Ի վերջո, ավագանին 8 կողմ, 36 դեմ եւ 8 ձեռնպահ ձայներով մերժեց նախագիծը: Ձեռնպահ քվեարկեց նաեւ քաղաքապետ։ Հայկ Մարությանը: