Թուրք հայտնի մեկենաս Օսման Քավալան եւ էլի 15 մարդ կանգնել են դատարանի առջեւ 2013 թվականին հակակառավարական բողոքի ակցիա կազմակերպելու մեղադրանքով, տեղեկացնում է AP-ը։

Դատախազը պնդում է, որ մեղադրյալները, որոնցից շատերն ակտիվորեն մասնակցում են քաղաքացիական հասարակության կյանքին, «փորձել են տապալել այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը» «ապստամբության կազմակերպման եւ ֆինանսավորման միջոցով»։ Նրանց սպառնում է ցմահ բանտարկություն։

Բողոքներն սկսվել են 2013-ին, որպեսզի պաշտպանեն Գեզիի ոչ մեծ այգին Ստամբուլի կենտրոնում, բայց դրանք արագ վերածվեցին ավելի լայն հակակառավարական ցույցի ամբողջ Թուրքիայում։

16 բանտարկվածների մեջ են Օսման Քավալան, որը կալանքի տակ է արդեն 20 ամիս, եւ Յըղիթ Աքսակօղլուն, որն աշխատում էր մինչդպրոցական կրթական հիմնադրամում։

Հանդես գալով  դատարանում՝ Քավալան ասաց, որ ոչ մի ապացույց չկա, որոնք կհաստատեն ապստամբության կազմակերպման մեղադրանքը։ Մեղադրական եզրակացությունում ասվում է, որ միլիարդատեր Ջորջ Սորոսը ղեկավարել է Գեզիի բողոքները։

Էրդողանը մեղադրական եզրակացության 746 հայտատուներից մեկն է եւ հրապարակավ մեղադրել է Քավալային Սորոսի աջակցությամբ բողոքի ակցիան ֆինանսավորելու մեջ։

Քավալան այն կազմակերպության հիմնադիրն է, ով զբաղվում է մշակութային եւ գեղարվեստական նախագծերով, նա դատարանում ասել է, որ նա քաղաքացիական գործունեություն ունեցել է հասարակությունում։

«Ես ոչնչով չեմ տարբերվում հարյուր հազարավոր մարդկանցից, որոնք խաղաղ գործունեություն էին ծավալել Գեզիի իրադարձությունների ժամանակ, եւ ես խնդրում եմ արդարացնել եւ ազատել ինձ»։

Մեղադրական եզրակացությունում՝ 657 էջից բաղկացած, բերվում են մեղադրյալների հարյուրավոր գաղտնալսված հեռախոսազրույցներ, ինչպես նաեւ նրանց ուղեւորություններն արտասահման եւ շփումները սոցցանցերում։

Human Rights Watch-ը մեղադրանքներն անվանել է «սարքովի»՝ հայտարարելով, որ մեղադրական եզրակացությունը չի բացատրում, թե ինչպես են դատապարտյալները ծրագրել ապստամբությունը։ Կազմակերպությունը հայտարարել է, որ դատարանի նպատակը  «ստիպելն էր լռել եւ պատժել դատապարտյալներին իրենց օրինական եւ միանգամայն խաղաղ քաղաքացիական գործունեության եւ աշխատանքի համար»։