Ռուս–վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը։

«Սահմանին գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է։

Միաժամանակ հայտնում ենք, որ ուղևորների դեպի Հայաստան տեղափոխման հետ կապված ծախսերի բեռը իր վրա է կրում ուղևորափոխադրող կազմակերպությունը»,–գրել է նա։ Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին գիշերվանից թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։

Մեր տեղեկություններով՝ հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Նախնական տեղեկություններով՝ սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո քաղաքացիներին իջեցրել են, իսկ ավտոբուսը տեղափոխել զննության։