Իհարկե, այն լարվածությունը, որն այսօր առկա է Վրաստանի Հանրապետությունում, անհանգստացնող եւ մտահոգող է մեզ համար որպես հարեւան եւ դաշնակից պետություն: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում 168.am-ի եւ Aravot.am-ի լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով Վրաստանում ծավալվող իրադարձությունների մասին:

Նա նկատեց, որ այս իրադարձություններում ներգրավված են հայաստանին երկու դաշնակից պետությունն:

«Միայն կարող եմ հույս հայտնել այս պահին, որ հնարավոր կլինի գալ որեւէ եզրահանգման եւ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ շուտափույթ քայլեր ձեռնարկել: Հայաստանի դերակատարումն այս պարագայում ես անձամբ չեմ պատկերացնում, թե ինչը կարող է լինել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ կարող են փակվել դեպի ՀՀ տանող բեռնուղիները, արդյոք այս հարցում մեր պաշտոնյաներն անելիք ունեն, Մակունցն արձագանքեց. «Տարածաշրջանում որեւէ պետությունում տեղի ունեցող դեպքերն անմիջականորեն ազդում է հարեւան պետությունների վրա: Ինչ վերաբերում է միջամտությանը, Վրաստանում ներքաղաքական պրոցեսներ են տեղի ունենում: Ես ԱԳՆ-ի փոխարեն չեմ կարող արձագանքել, բայց ես կարծում եմ, որ Հայաստանն այս պահին իրավունք չունի Վրաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու»:

Նա հավելեց, որ դա կրավորական կեցվածք չէ, եւ օրինակ, Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը եւս ներքաղաքական զարգացում էր եւ որեւէ արտաքին միջամտություն կարող էր այլ ընթացք տալ դրան: