«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը Սահմանադրական դատարանի բակից քայլերթ սկսեց դեպի Ազգային Ժողովի բակ: Նշենք, որ այսօր՝ հունիսի 24-ին, «ՎԵՏՕ» շարժումը ակցիա էր կազմակերպել ՍԴ-ի դիմաց, նրանց նպատակը ՍԴ-ի բնականոն աշխատանքի խաթարումը թույլ չտալն էր: Մասնակիցներից մեկը դեպի ԱԺ քայլերթի ժամանակ հայտարարեց, որ սա նախազգուշական ակցիա է: Շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանն ասաց, որ Հայաստանում Սահմանադրական կարգը տապալված է, և, որ իրենք գործունեություն ենք ծավալելու Սահմանադրական կարգի վերականգնման ուղղությամբ:

«Եթե վաղը իշխանության բուծած որևէ խուլիգանախմբի անդամ պառկած, կանգնած, բառաչող, ահաբեկիչ մարդասպանների խմբի անդամ կխանգարի մեր երկրի ՍԴ-ի աշխատանքը, վաղվանից կսկսենք ակցիաների շարք ՍԴ-ի դիմաց: Կհայտարարենք պետության փրկության կոմիտեի ստեղծում, և այնտեղից որևէ տեղ չենք գնա, մինչև ողջ քաղաքական դաշտը չկոնսոլիդացվի ՍԴ-ի առաջ»,- ասաց Նարեկ Մալյանը:

Նրա խոսքով՝ այսօրվանից շարժման անդամները հանդիպումների շարք են կազմակերպելու հայրենասեր քաղաքական ուժերի հետ։

 «Մենք հանդիպելու ենք բոլոր այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են համախմբվել Սահմանադրական կարգի վերականգնման գործընթացի շուրջ՝ թողնելով իրենց ամբիցիաները, որովհետև այս պրոցեսից տուժելու ենք բոլորս, պետությունը կորցնելու ենք բոլորս, Նիկոլ Փաշինյանը այլևս չի տիրապետում իրավիճակին, նա զբաղված է տարբեր այն խմբերի շահերը սպասարկելով, որոնց շնորհիվ եկավ իշխանության: Նա կորցրել է իրականության զգացումը»,– ասաց նա:

Մալյանը համագործակցության կոչ արեց նաև պատգամավորներին, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության։

««Իմ քայլի» պատգամավորներ, թոթափեք ձեր վրայից պետական դավաճանի պիտակը: Նիկոլ Փաշինյանը քայլող քաղաքական դիակ է, նա այլևս գոյություն չունի, նա այլևս չունի հանրության աջակցություն, նրան այլևս լուրջ չեն ընդունում դրսում: Մի պաշտոնի համար քանդեցիք պետությունն ու հանձնեցիք օտար գործակալություններին... Ձեզ վերջին հնարավորություն ենք տալիս, քանի դեռ դուռը բաց է: Սթափվեք  ու մի քանդեք այս պետությունը: Ժողովուրդը ձեր ականջից բռնած դուրս կբերի: Դուք խաբում եք ժողովրդին, թե ինչ-որ ներդրումներ են լինելու, ինչ-որ պահի ժողովուրդը հասկանալու է, որ խաբված է, ու այդ ժամանակ նույնիսկ մենք չենք կարող ձեզ օգնել կամ պրծացնել ժողովրդի դատաստանից: Այնպես որ սթափվեք, քանի բանակցությունների շրջան է, քանի կարող եք համակագործակցել: Ընդունվում եմ անհատական համագործակցության հայտեր: Համագործակցության դուռը բաց է, և կփակենք ՍԴ-ում մեր ակցիաների վերջում: Կոչ եմ անում միանալ մեզ Սահմանադրական կարգի վերականգման գործընթացը միասին իրականացնելու համար»,– ասաց նա։

Հարցին, թե՝ անհատական բանակցություններ ասելով՝ արդյոք կանխատեսում է պառակտում իշխող քաղաքական ուժի ներսում, Մալյանը պատասխանեց. «Այո, շատ մարդու ճանաչում եմ «Իմ քայլը» դաշինքից, չեմ կարծում, որ էնտեղ բոլորը ցանկանում են կիսել պետական դավաճանի կարգավիճակը»։

ՎԵՏՕ–ի անդամներն այնուհետև երթով վերադարձավ Սահմանադրական դատարան։ Նրանք հայտարարեցին, որ վաղը ժամ 16։00–ին հանդիպելու են ՍԴ–ի մոտ։