ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել:

Նա նոր պատժամիջոցները «կոշտ հարված» է անվանել եւ ասել, որ դրանք Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Սեյեդ Խամենեիին եւ այլ առաջնորդների կզրկեն ֆինանսական գործիքների հասանելիությունից: Թրամփի խոսքով՝ Խամենեին պատասխանատու է «Իրանի թշնամական պահվածքի» համար:

«Չենք ձգտում Իրանի կամ այլ երկրի հետ հակամարտությանը: Կարող եմ միայն ասել, որ մենք երբեք Իրանին թույլ չենք տա միջուկային զենք ստանալ: Մենք կշարունակենք Թեհրանի վրա գործադրվող ճնշումները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը:

Իրանի դեմ նոր պատժամիջոցները պատասխան են ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցմանը: Թեհրանում պնդում են, որ այն խախտել է Իրանի օդային տարածքը, սակայն ԱՄՆ-ը պնդում է, որ անօդաչուն գտնվել է միջազգային տարածքում: