Վաշինգտոնյան հանդիպման դրական գործոնն այն էր, որ պաշտոնական ձեւաչափով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին քննարկման համար ներկայացրել են փաստաթղթերը: Այս մասն հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը, հաղորդում է 1news.az-ը:

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ բարձրացվել է շփման գծում կայունության ապահովման հարցը:

«Իմ փաստարկն այն է, որ լուրջ բանակցություններ են եղել նաեւ այն շրջանում, երբ շփման գծում հանգիստ չէր»,- ասել է Մամեդյարովը՝ նշելով, որ մարտի 9-ին համանախագահների կողմից արված հայտարարության հիման վրա աշխատանքներ են տարվում:

«Այդ հանդիպման դրական կողմն այն է, որ համանախագահները քննարկման համար առաջարկներ են արել: Դրանք նոր կամ հին փաստաթղթե՞րն են: Մենք դրանք քննարկում ենք վերջին 15 տարում»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ հիմնական բանակցությունները կսկսվեն միայն «հայկական զորքերի դուրսբերումից» հետո:

Ընդ որում, Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը կողմ է «սուբստանտիվ բանակցություններին»: Մամեդյարովի խոսքով՝ «մոտակա 2-3 ամիսներին իրենք կդիտարկեն համանախագահների առաջարկները»:

«Հայկական կողմն ամեն անգամ բարձրացնում է այն հարցը, որ մեզ կարգավիճակ եւ անվտանգություն է պետք: Այդ հարցը քննարկվել է նաեւ Վաշինգտոնում: Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին ու միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանը, ապա համանախագահները պետք է հստակեցնեն իրենց առաջարկները: Համանախագահներն ասում են, որ մենք պետք է աշխատենք այդ հարցերի վրա»,- հավելել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: