NEWS.am-ի տեղեկություններով վրացի սահմանապահները շուրջ 14 ժամ պահելուց հետո քիչ առաջ ազատ են արձակել Վերին Լարսի անցակետում բռնված հայ վարորդին։ Սակայն նրա հետ բռնված հայ ուղևորներից մեկին իրավապահներն ազատ չեն արձակել։

Նշենք, որ հայ վարորդին բռնել էին այն բանից հետո, երբ ավտոբուսում 500գ հերոին էին հայտնաբերել։

Ավելի վաղ «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը NEWS.am–ին հայտնել էր Մոսկվայում իրենց ընկերության ներկայացուցչություն են բերել երեխաների համար նախատեսված հովերբորդի փաթեթ։ Կազմակերպությունը, կասկած չունենալով, որ ծանրոցում մանկական իր է, համաձայնել է բեռը հասցնել Երևան։ Սակայն ռուս–վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում վրացի սահմանապահները զննելով ավտոբուսը՝ ծանրոցում հայտնաբերել են շուրջ 500 գրամ հերոին տեսակի թմրանյութ, ինչից հետո ավտոբուսը զննելու նպատակով ուղևորներին իջեցրել են, իսկ վարորդին տարել հարցաքննության։

Անցակետում սպասող ուղևորները NEWS.am–ին տեղեկացրին, որ ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան դեռ չի հասել Վերին Լարս։ Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին գիշերվանից թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։

Մեր տեղեկություններով՝ հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո քաղաքացիներին իջեցրել են, իսկ ավտոբուսը տեղափոխել զննության։