Ուրուգվայում բանտից փախել են իտալացի հայտնի մաֆիոզ Ռոկկո Մորաբիտոն եւ 3 եւս երեք կալանավոր: Այս մասին հայտնում է Ուրուգվայի ՆԳՆ-ը:

Գերատեսչության տվյալներով՝ նրանք փախել են շենքի տանիքով, հայտնվել են հարեւան ֆերմայում, որտեղ փող են գողացել եւ անհետացել անհայտ ուղղությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Pais-ին:

Մորաբիտոն իտալական մաֆիայի Նդրանգետի կազմակեպության ամենաորոնված անդամն է, որը 20 տարի շարունակ թաքնվել է արդարադատությունից եւ ձերբակալվել Ուրուգվայում 2017 թվականին: Այդ պահից ի վեր սպասում էր Իտալիա արտահանձնմանը:

Մորաբիտոյին 1995 թվականից փնտրում էր Ինտերպոլը՝ առանձնապես խոշոր չափով թմրանյութերի վաճառքի մեղադրանքով: 1992-1993թթ. Նդրանգետի կազմակերպության պարագլուխներից մեկը փորձել է Իտալիա 1 տոննա կոկաին ներկրել:

13 տարի նա ապրել է Ուրուգվայում Բրազիլիայի քաղաքացու կեղծ անձնագրով: Ոստիկանությանը հաջողվել է գտնել հետքը այն բանից հետո, երբ Մորաբիտոն անզգուշորեն դստերը քոլեջում նամակ էր ուղարկել՝ նշելով իր իրական անունը:

Ձերբակալության ժամանակ «կոկաինի արքայի» մոտ ատրճանակ, 13 բջջային հեռախոս եւ տասնյակ բանկային քարտեր են հայտնաբերվել: