«Տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերումը համապատասխանում է ԱՄՆ-ի եւ ողջ աշխարհի շահերին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 100%-ով ճիշտ է՝ ամերիկացի զինվորականներ չպետք է լինեն Պարսից ծոցում: Սակայն այժմ պարզ է, որ #B_Team-ին (ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն) չեն հետաքրքրում ԱՄՆ շահերը: Նրանք պատերազմ են ուզում»,- Twitter-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տնտեսապես շահագրգռված չէ Հորմուզի նեղուցի պահպանության հարցում: Թրամփը հայտարարել է, որ այդ շրջանում իրենց նավթային լցանավերի պահպանությամբ պետք է զբաղվեն Չինաստանը, Ճապոնիան եւ այլ երկրներ, որոնք կախում ունեն մերձարեւելյան նավթից:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ԱՄՆ-ը հավելյալ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, որոնց թիրախում են հայտնվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարները, Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին եւ Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը: