«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կառավարությանը ավելի քան տասնյակ առաջարկություններ է ներկայացրել երկրում հարկային քաղաքականության ձեւավորման հարցի վերաբերյալ: Այս մասին հունիսի 25-ին ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ փաթեթի քվեարկությունից առաջ հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ անթույլատելի է վառելիքի բոլոր տեսակների համար հարկերի բարձրացումը: «Արդյունքում՝ առաջիկա տարիներին ամեն տարի 3 տոկոսով կբարձրանա բենզինի, սեղմված բնական գազի եւ դիզվառելիքի ակցիզային հարկը: Եվ այս ամենը կունենա սոցիալական ու տնտեսական հետեւանքներ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ իրենց ներկայացրած բոլոր առաջարկություններից կառավարությունը մասնակի հավանություն է տվել միայն երեքին:

Խաչատրյանի կարծիքով՝ հարկային համակարգի բարեփոխումը թույլ չի տա երկիր ներգրավել նոր ներդրողների, չնայած կառավարությունում իրադարձությունների զարգացման այլ հույս ունեն:

Պատգամավորը շեշտեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կառավարության առաջարկած փաթեթին դեմ է քվեարկելու: