Բրազիլիայի կառավարությունը նախատեսում է մինչեւ 2022 թվականը 44 օդանավակայան հանձնել մասնավոր ներդրողների կառավարմանը։ Այս մասին տեղեկացրել է պետական հեռահաղորդակցային ընկերությունը՝ հղում կատարելով հարավամերիկյան հանրապետության ենթակառուցվածքի նախարար Թարսիզիու Գոմես դի Ֆրեյտասի հայտարարությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ մարտյան աճուրդի ընթացքում կոնցեսիոն համաձայնագրի կնքման իրավունքի թեստավորված մոդելը, որի շրջանակում մասնավոր կառավարման է հանձնվել 12 օդանավակայանից բաղկացած համալիրը, արդարացրել է իրեն։ «Մոդելը աշխատում է, (ներդրողները) լավ են արձագանքում դրան, մենք բավական հետաքրքիր առաջարկություններ ենք ստացել»,- ամփոփել է նա։

Ինչպես սպասվում է, 44 օդանավակայանների կառավարման իրավունքը կխաղարկվի երկու աճուրդի ընթացքում, որոնց հաղթողները կստանան 22-ական օդանավակայան։ Առաջին «փաթեթի» սակարկությունները նախատեսված են 2020 թվականի հոկտեմբերին, իսկ հաջորդը նախատեսվում է 2021-ի վերջին – 2022-ի սկզբին։ Կառավարությունում կարծում են, որ դա թույլ կտա ազդակ հաղորդել քաղաքացիական ավիացիայի շուկայի զարգացմանը եւ վերակողմնորոշել Infraero պետական ընկերության ռեսուրսները, որն այսօր իրականացնում է երկրի օդանավակայանների կառավարումը, տեղական նշանակության ավիահաղորդակցությունների զարգացմանը։