Ներդրումը կատարելու է «Արմոն» ՍՊԸ-ն, եւ ես կարծում եմ՝ կոկորդիլոսաբուծարանի թեման իրեն սպառել է: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նշենք, որ Գարիկ Սարգսյանը հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարանի կառուցման գործընթացն ընթացքի մեջ է:

Խոսելով մարզում առաջիկայում իրականացվող ներդրումներին, Սարգսյանն ասաց, որ առաջիկայում ունեն 1 մեծ նախագիծ, որի մասին խոսելու են երբ սկսեն աշխատանքները. «Ընտանեկան, սպորտային, հանգստի, ոչ միայն բիզնես շահեր հետապնդող ինչ-որ նախագծեր են լինում մեզ մոտ, լինում են նաեւ բարեգործական եւ խոշոր մասշտաբի ներդրումներ: Սկսվել են արդեն գյուղատնտեսական շուկայի կառուցումը»:

Գարիկ Սարգսյանն ասաց, որ Մասիսում Ընտանեկան մարզահամալիրի բացման համար տրամադրվել է մոտ 960 միլիոն դրամ. «Քանի որ բարերարը Մասիսից է, ունեն հնարավորություն, փորձում են իրենց համայնքի համար լավ բան անել, ինչը ողջունելի է ու մենք շահագրգիռ կողմ ենք»: