Վրաստանի Հյուրանոցների եւ ռեստորատորների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին Էկոնոմիկայի նախարարությանը եւ տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներին առաջարկել է Բաքվի, Երեւանի եւ Տրապիզոնի օդանավակայաններից անվճար ավտոբուսներ գործարկել ռուսաստանցի զբոսաշրջիկներին տեղափոխելու համար, հայտնում է վրացական «Առաջին ալիքը»:

«Փաստաթղթի հիմնական թեման հետեւյալն է՝ Բաքվի, Երեւանի եւ Տրապիզոնի մերձակա օդանավակայաններում հաստատվեն, այսպես կոչված, անվճար շաթլներ, որոնք ռուսաստանցի զբոսաշրջիկներին հեշտությամբ Վրաստան կտեղափոխեն»,- ասել է Ալավերդաշվիլին:

Ասոցիացիայի ղեկավարը հավելել է, որ կարեւոր թեմա է համարվում այլ երկրներից լրացուցիչ չարթերային չվերթների կազմակերպումը: Որոշ պետություններ, այդ թվում՝ Մերձբալթիկայի երկրները, Ուկրաինան եւ Ղազախստանը արդեն իրենց պատրաստակամությունն են հայտնել, նշել է նա: