Օրինագիծը վերաբերում է Ազգային ժողովի լիազորությունների ընդլայնմանը անկախ մարմիններում նշանակումներ իրականացնելիս։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ, հունիսի 25-ին ասաց օրենսդրական լրացումների հեղինակ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա պարզաբանել է, որ խոսքը Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովում եւ  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նշանակումների մասին է։ ԱԺ նախագահի խոսքով՝ այդ հանձնաժողովների անդամների նշանակումները պետք է կատարվեն հետեւյալ կարգով. կառավարություն, կառավարող ուժի խորհրդարանական խմբակցություն, խորհրդարանական ընդդիմություն։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի կանխման մարմնին, ապա այստեղ, ինչպես նշեց Միրզոյանը, կա որոշակի տարբերություն, քանի որ այս դեպքում դատական իշխանությունը նույնպես կարող է մասնակցել դրա ձեւավորմանը։