Ռուսաստանի պատվիրակությունը երեքշաբթի Եվրոպայի խորհրդրի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր լիազորությունների հաստատման հայտ է ներկայացրել։ Այս մասին լրագրողներին ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Բանաձեւի մասին որոշումը կայացված է,- ասել է նա։- Մենք, հենց որ բանաձեւն ընդունվեց, մասնակցության հայտ ենք ներկայացրել»։ Ըստ Վոլոդինի՝ «ռուսական պատվիրակությունը աշխատանքի հրավեր է ստացել», իսկ ԵԽԽՎ ընդունած որոշումը թույլ է տալիս ռուսաստանցի խորհրդարանականներին «գալ դահլիճ, սկսել աշխատանքը»։

Վոլոդինը չի բացառել, որ լիազորությունների հաստատման ընթացակարգի ժամանակ «ապակառուցողական ուժերը» կփորձեն այնպես անել, որպեսզի ՌԴ իրավունքները համապարփակ չլինեն։