Բավական լուրջ վտանգներ եմ տեսնում Ղարաբաղի հարցում եւ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է բանակցել առանց այդ բանակցությունների ռազմավարության, տեսլականի, թե ինչպես ես տեսնում հարցի լուծումը: Այս մասին «5-րդ ալիքին» տված հաեւրցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ինքս բանակցություններին մասնակցում են 1992 թվականից։ Ինչպես կարելի է բանակցել՝ չհասկանալով, թե դու ինչ ես բանակցում, ավելի մտահոգիչ է այն, որ մենք միշտ ընդգծում ենք Ղարաբաղի անկախությունը, ասում ենք, որ այն անկախ է, եւ եթե նույնիսկ հիմա լիարժեք չի մասնակցում նախագահների ֆորմատով բանակցություններին, ապա որեւէ վերջնական որոշում չի կարող պարտադրվել Ղարաբաղին առանց ղարաբաղցիների մասնակցության եւ առանց նրանց կողմից ընդունման։

Երբեք առաջին նախագահը չի միջամտել Ղարաբաղի ներքին գործերին, ես Ղարաբաղի ղեկավարն էի եւ երբեք թույլ չէի տա միջամտել: Ես, ՀՀ նախագահ լինելով, երբեք չեմ միջամտել Ղարաբաղի ներքին գործերին, վստահ եմ՝ Սերժ Սարգսյանը նույնպես չի միջամտել։ Միջամտությունը կնշանակեր, որ մենք իջեցնում ենք Ղարաբաղի կարգավիճակը, ցույց ենք տալիս Ղարաբաղի կախվածությունը Հայաստանից:

Երբ դու շեշտում ես, որ այն անկախ պետություն է, դու չպետք է կասկածի տակ դնես այդ կարգավիճակը։ Այն ինչ անում է այս իշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, ուղղակի կասկածի տակ է դնում Ղարաբաղի անկախությունը, ինքնությունը։ Ի՞նչ է նշանակում Հայաստանից պարտադրել Ղարաբաղում մարդկանց ազատել ինչ-որ պաշտոններից միայն ինչ-որ հայտարարության համար։ Ի լուր աշխարհի, նաեւ համանախագահողների, Հայաստանը ցույց է տալիս, որ այդ կարգի ազդեցություն ունի Ղարաբաղի նկատմամբ։ Վտանգն այն է, որ վաղը մի առաջարկ են տալու, ասեն՝ դու ունես այդ ազդեցությունը, գնա՛ եւ պարտադրի՛ր, որ դա ընդունեն։ 25-30 տարվա ընթացքում ձեւավորված ֆորմատը կասկածի տակ ես դնում, մեծ պետությունների մոտ նոր մոտիվացիա ես առաջացնում Ղարաբաղի հարցը լուծել՝ Հայաստանին ճնշելով»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ խոսքը եւ Լեւոն Մնացականյանի, եւ Վիտալի Բալասանյանի մասին է:

Նա անդրադարձավ նաեւ «դավադիր ուժերի» թեմային անդրադառնալով՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց․«Սա կարող է ասել միայն մի մարդ, ով չի պատկերացնում, թե ինչ գնով են այդ տարածքները ձեռք բերվել, եւ մարդ, ով չի պատկերացնում՝ ինչ նշանակություն ունեն այդ տարածքները ԼՂ անվտանգության հարցում: Այսինքն ղարաբաղցիները, որ ապրում են Ղարաբաղում իրենց ունեցվածքով, կարող են տարածքներ հանձնել միայն նրա համար, որ այստեղի իշխանությունը դիսկոմֆո՞րտ զգա»:

Արցախի գործող եւ նախկին նախագահների միջնորդության թեմայի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց․«Իրենք ասում են, որ այս դատավարությունը քաղաքական չէ, եթե քաղաքական չէ, ինչպե՞ս կարելի է այդ միջնորդությունը դիտարկել որպես միջամտություն ՀՀ ներքաղաքական հարցերին։ Ուղղակի աբսուրդ է․միջնորդությունը երբեք որեւէ տեղ չի դիտարկվում որպես միջամտություն ներքին գործերին։ Ոչ թե պաշտոնի, այլ մարդու միջնորդություն է։ Ղարաբաղի նախագահը անձ է, եւ իր անձնական միջնորդությունն է ներկայացրել:Նա միջնորդություն չի ներկայացրել նախագահի օֆիսից, ներկայացել է անձամբ դատարանում, 500 000 դրամ վճարել է անձնական միջոցներից։ Փորձում են մանիպուլյատիվ ձեւերով իրար կպցնել չկպնող բաները։

Իրենց համար հասկանալի չէ պատերազմ հաղթանակած մարդկանց տեսակը, իրենք փորձում են իրենց հեռու պահել յդ մարդկանցից, չեն սիրում, դա դասական դասալիքների բարդույթի արտահայտությունն է։ Դու այդ հերոսական էջերի կողքով անցար , չնկատեցիր, քեզ հետ առնչություն չունեցավ, իհարկե, մարդիկ բարդույթ ունեն, եւ փորձում են նվաստացնել յուրաքանչյուր մարդու, ով զենքը ձեռքին՝ պայքարել է Արցախի անկախության համար։ Սա չափազանց վտանգավոր երեւույթ է։ Արցախից բնազդով վտանգ են զգում, որովհետեւ հասկանում են, որ այդ տեսակի մարդիկ են իշխանության, իրենց  հետ չեն համընկնում, եւ պետք է նրանցից ազատվել, բայց այդ տեսակից ազատվել նշանակում է քաքայել Ղարաբաղի անվտանգությունը:Խիզախ մարդու ճակատին է գրված, որ ինքը դուխով է, ոչ թե գլխարկի վրա: Եթե փողոցում տեսնեք մեկին, գլխարկին գրած՝ «ս խելոք եմ», ի՞նչ եք մտածելու: Ես մտածելու եմ, որ ապուշ է»»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով, այլ ուժերը փորձում են խիզախ տեսակից ազատվե. «Սա եւ՛ արտասահմանյան ազդեցության, եւ՛ տեսակի հարց է։ Ոնց որ թե ալերգիա ունեն խիզախ, ոչ անտարբեր, իրենց կարծիքին ամուր կպած մարդկանցից»,-հավելեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա ընդգծեց, որ Ղարաբաղում ծառայող երիտասարդը Հայաստանի համար է ծառայում, եւ քանի կա հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը, այնքան ժամանակ անվտանգության հետ կապված խնդիրներ են լինելու. «Ղարաբաղը Հայաստանի անվտանգության լուրջ բաղադրիչ է կազմում, առանց որի Հայաստանը կթուլանա»:

Նա հարցադրում արեց՝ Ղարաբաղը բե՞ռ է, թե՞ հնարավորություն։ «Սերգո ջան, լավ չես ապրելու» թեզը այսօր կա՞, թե՞ չկա։ Ես տեսնում եմ, որ այդպես են մտածում, մտածում են, որ Ղարաբաղի բեռ է, իսկ երբ մտածում ես, որ ինչ-որ բան բեռ է, ոչ թե արժեք, դու ենթագիտակցաբար մտածում ես՝ ոնց այդ բեռից ազատվել: Հայաստանը Ղարաբաղի հետ լուրջ խաղացող է տարածաշրջանում։ Ուզում ենք լինել Թուրքիայի բիզնեսների ֆիլիա՞լը։ Առանց Ղարաբաղի՝ մեր տեղն էլ չեն իմանալու։ Ղարաբաղը, ոչ թե բեռ է, այլ արժեք, եթե դուխովը գլխարկիդ չի գրած, այլ ճակատիդ, պիտի կարողանաս հասնել չափազանց լուրջ նպատակների»:

Ղարաբաղը պետք է մնա յան տեսակի մեջ, որը կա: Պետք է մնան ամուր, եւ թույլ չտան Հայաստանին այդ տեսակը ջարդել, նվաստացել, փոքրացնել: Ուզում եմ հավատալ, որ այդպես է լինելու»:

Ակնհայտ է, որ ես հակառակորդն եմ լինելու այս իշխանության, հիմնականը, թե ոչ հիմնականը, դա քաղաքական գործընթացները ցույց կտան: Այս մասին «5-րդ ալիքին» տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա, անդրադարձավ նաեւ իր քաղաքական նպատակներին. «Այսօր մոտեցումների տեսանկյունից ձեւավորվում է «կոնսենսուս մինուս մեկ» ձեւաչափը: Թե այդ կոնսենսուսը ինչ միավորման գործընթացների կենթարկվի, ես չգիտեմ: Ես հաստատ լինելու եմ այդ դաշտում, բայց կրկնում եմ՝ գործընթացները ցույց կտան, թե ինչ դերակատարություն կունենամ ընդդիմադիր դաշտում»,-ասաց նա: