Դուք այս նախագծով կարծես ուզում եք կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանին, ով ներկայացնում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է, որ ՏՄՊՊՀ-ում եւ ՀԾԿՀ-ում ընդդիմադիր խմբակցություններն իրավունք ունենան թեկնածու առաջադրելու:

«Ենթադրենք ԱԺ-ում կա 6 ընդդիմադիր խմբակցություն, ինչպես եք պատկերացնում, որ այդ 6 ուժերը կարողանան գալ համաձայնության եւ ինքնավար մարմնի համար ներկայացնել մեկ թեկնածու»,-ասաց Սամսոնյանը:

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Ես շատ լավ պատկերացնում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունները պետք է նստեն ու պայմանավորվեն, որ այսինչ մարմնում առաջարկում են այս թեկնածուին, մյուս մարմնում՝ մեկ այլ թեկնածուի: Հիմա ես կտամ հակառակ հարցը՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ գրենք յուրաքանչյուր խմբակցություն: Ասենք ԱԺ-ում կա 8 ընդդիմադիր խմբակցություն, իսկ այս մարմնիում սաղ-սաղ 7 տեղ է»:

Անի Սամսոնյանը նշեց, որ այս նախագիծը  վերահսկողության առումով խնդիրներ է ստեղծում ընդդիմադիր խմբակցությունների համար, որովհետեւ մեկ միասնական թեկնածու  ներկայացնելու դեպքում, դա լինելու է թեկնածու մեկ խմբակցությունից, իսկ մյուս խմբակցությունը միգուցե ընթացքում ունենա անվստահության խնդիր այդ թեկնածուի նկատմամբ:

Արարատ Միրզոյանը չհամաձայնեց այդ տեսակետի հետ. «Դուք առանց կռվի կարող եք ասել՝ հյուրանոցը մերն է, խոհանոցը ձերը եւ տանը կռիվ չի լինի: Մյուս կողմից կարող ենք ասել՝ լավ, ժողովուրդ ջան, եկեք չանենք այս փոփոխությունը եւ ունենանք այն, ինչ ունենք: Բոլոր հանձնաժողովներում թող թեկնածություն առաջադրի միայն վարչապետը»: