ՄԱԿ արտադատական մահապատիժների հարցերով մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Անյես Կալամարը անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ում լրագրողների եւ իրավապաշտպանների հնչեղ սպանությունների հետաքննության օգնության եւ նախաձեռնման հատուկ մշտապես գործող մեխանիզմի ստեղծումը:

«Ես առաջարկում եմ, որ այդ գործիքը կարողանա 2 գործառույթ կատարել: Առաջինն այն է, որ կարողանա հետաքննությունների անցկացման գործում այս կամ այն կերպ աջակցել տեղական իշխանություններին: Օգնության այդպիսի գործառույթ: Երկրորդ դերը, եթե առաջինը չգործի, կարող է լինել հետաքննության նախաձեռնումը, եթե այն չի կատարվել կամ որեւէ արդյունքի չի հանգեցրել»,- հայտարարել է Կալամարը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում: 

Կալամարի խոսքով՝ նման կառույցի ստեղծման հիմք կարող է դառնալ Սիրիայում հետաքննությունների անկողմնակալ եւ անկախ միջազգային մեխանիզմը (IIIM), որն արդեն գոյություն ունի, ինչպես նաեւ գլխավոր քարտուղարի՝ քիմիական, կենսաբանական կամ թունավոր զենքի կիրառման մասին տեղեկությունների հետաքննության մեխանիզմը:

Հատուկ զեկուցողը միաժամանակ չի կարծում, որ այս մեխանիզմը պետք է օգնի հետաքննությանը կամ նախաձեռնի աշխարհում լրագրողների կամ իրավապաշտպանների սպանությունների բոլոր դեպքերի միջազգային հետաքննություն:

«Մենք պետք է հնարավորություն գտնենք մեխանիզմի մանդատն իրատեսական դարձնելու համար: Այն չի կարող նախաձեռնել իրավապաշտպանների ու լրագրողների բոլոր սպանությունների հետաքննություն: Մենք պետք է այս գործիքը կարգավորենք, որ այն օգնի եւ իրականությանը համապատասխանի»,- հավելել է Կալամարը: