Բրիտանացի մրցարշավորդ եւ ավտոմեխանիկ Գայ Մարթինը գյուղատնտեսական տրակտորով ժամում 167 կիլոմետր արագություն  է բացել՝ տեխնիկայի այդ տեսակով արագության ռեկորդ սահմանելով, գրում է «Զա ռուլյոմ» ամսագիրը։

JCB Fastrac տրակտորը, որով սահմանվել է ռեկորդը, ունի 7,2 լիտրանոց վեցցիլինդրանի դիզելային շարժիչ, որի հզորությունը հասնում է հազար ձիաուժի։ Տրակտորը լրամշակվել է նաեւ Williams Advanced Engineering ընկերության ինժեներների կողմից, որոնք թեթեւացրել են մեքենան եւ լրացրել աերոդինամիկայով։

Արշավը տեղի է ունեցել Անգլիայի արեւելքում, Էլվինգթոն փոքր օդանավակայանում։ «Հիանալի օր էր Էլվինգթոնում, JCB-ով, գրագետ աշխատանք գրագետ ինժեներների հետ։ Տրակտորը վստահ էր զգում իրեն թռիչքուղում»,- տպավորությունները կիսել է Մարթինը։

Տրակտորների նախորդ ռեկորդը սահմանվել էր անցած տարվա մարտին, երբ Top Gear թիմի արշավորդը գյուղատնտեսական մեքենայով բացել էր ժամում 140 կիլոմետր արագություն։