Հայաստանը լիովին կատարել է Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) 24 հանձնարարականից 7-ը։ Մնացած հանձնարարականներից 14-ը մասամբ է կատարվել, երեքը չի կատարվել։

GRECO-ն հրապարակել է նոր զեկույց, որում գնահատվում է ավելի վաղ կոռուպցիան կանխելու վերաբերյալ ներկայացված հանձնարարականների կատարումը Հայաստանի կողմից 2018 թվականին՝ խորհրդարանի անդամների, դատավորների եւ դատախազների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանին տրվել է 24 հանձնարարական, ինչը բարձր ցուցանիշ է։ Ավելի շատ են հանձնարարականները Թուրքիային, Հունաստանին եւ Հյուսիսային Մակեդոնիային։

Ինչ վերաբերում է խորհրդարանի անդամներին, Հայաստանը լիովին կատարել է միայն մեկ հանձնարարական, մեկը չի կատարվել, մնացած հինգը կատարվել են մասամբ։

Դատավորների պարագայում 10 հանձնարարականից լիովին կատարվել է 3-ը, 6-ը՝ մասամբ, մեկը չի կատարվել։

Դատախազների նկատմամբ Հայաստանում կատարվել է յոթից երեք հանձնարարական, մեկը չի կատարվել, 3-ը կատարվել է մասամբ։