Արագ փոփոխվող աշխարհում ամեն օր մենք ականատես ենք լինում եւ բախվում նոր  իրողությունների հետ, ինչպիսիք են գործազրկությունը, աղքատությունը, լոկալ պատերազմական գործողությունները, մեծաթիվ փախստականների տեղաշարժը իրենց բնօրաններից եւ այլ մարտահրավերներ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստին իր ելույթում նշել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այս իրավիճակը տեղի է ունենում մի կողմից արտաքին մարտահրավերների հետեւանքով, մյուս մասն էլ՝ ներքին պետական կառավարման անարդյունավետության պատճառով։

Այժմ ներկայացնեմ այս առումով մեր հանրապետությունում առկա մեկ շատ կարեւոր հիմախնդիր։ Այսպես, Հայաստանի Հանրապետությունը սահմանակից է  4 երկրների՝ Վրաստան, Իրան, Թուրքիա եւ Ադրբեջան։ Դրանցից երկուսի հետ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի,սահմանները փակ են, Իրանի հետ երկաթուղային ճանապարհ չունենք, իսկ Վրաստանի տարածքում երկաթուղին հայտնի պատճառներով փակ է։ Այսպիսով, Հայաստանը ծովային ելք  չունի, երկաթուղային ճանապարհ դեպի արտաքին աշխարհ չունի։

Իսկ դա նշանակում է, որ մեր հայրենական ապրանքատեսակների մրցունակությունը կտրուկ իջնում է լոգիստիկ խնդրի պատճառով։

Իհարկե, այժմ մեր տնտեսության կառուցվածքը փոփոխվում է ի օգուտ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, բայց եւ ամբողջ տնտեսությունը չի կարող հիմնվել  IT-ի վրա։

Ելնելով այս իրողությունններից, ես մեկ շատ կոնկրետ հարց ունեմ հենց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին։ Հիմա եթե վեհաժողովի եւ Եվրոպայի խորհրդի անդամ 2 պետություններ՝ Ադրբեջանը եւ Թուրքիան շրջափակում են Եվրոպայի խորհրդի անդամ մեկ այլ երկրի՝ Հայաստանի սահմանները, եւ այն էլ արդեն երեսուն տարի, Եվրոպայի խորհուրդը անելիք ունի, թե չունի։

Ես կարծում եմ, որ հստակ անելիք ունի եւ այն էլ այն ձեւով, որ հստակ որոշումներով պարտադրի այդ շրջափակող երկրներին, իրականացնել  ապաշրջափակում եւ տա այդ երեւույթին իրավական եւ քաղաքական գնահատական։

Թե չէ ինչ է ստացվում մենք գալիս ենք այստեղ, նստում նույն դահլիճում, հայտնում տեսակետներ, աշխարհին եւ Եվրոպային հուզող տարբեր հարցերի վերաբերյալ, խոսում բարձր բարոյական արժեքների մասին, սակայն միաժամանակ դրսեւորում այդ  բարձր արժեքներին հակասող վարքագիծ։

Ես համոզված եմ, որ այս դահլիճում պետք է տիրի անկեղծության եւ արժանապատիվ կեցվածքի մթնոլորտ, այլ ոչ թե կեղծավորության եւ էժանագին դերասանության մթնոլորտ։

Իհարկե, տարբերություն կա արյունը վիրաբույժի ձեռքերին է, թե դահճի, բայց երկուսն էլ պատասխանատվության են ենթարկվում օրենքների եւ մարդու իրավունքների, խաղաղ գոյակցության եւ ուժի չկիրառման միջազգային նորմերի կոպիտ խախտումների համար։

Հիմա, ես դիմում եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին։

Պահանջում եմ համարժեք արձագանք  սահմանել շրջափակող երկրների նկատմամբ»։