Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը եւ վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ կցելով նաեւ ռուս պատվիրակների հետ իր լուսանկարները։

«Ուրախ էի կրկին հանդիպել նաեւ ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է։

Տեղեկացնեմ նաեւ, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ եւ ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ եւ հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։

Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր եւ մեր ռուս գործընկերների միջեւ բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»,-գրել է նա:

Նշենք, որ երեկ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերադարձի եւ ձայնի իրավունքի վերականգմանը վերաբերող բանաձեւին ՀՀ պատվիրակության անդամներից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել, իսկ նույն հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես իգիթյանը չէր մասնակցել քվեարկությանը: Նշենք, որ երկուսն էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ են: