ԵԿՎ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը քիչ առաջ միջնորդեց վերացնել Մանվել Գրիոգրյանի կենսաթոշակի և գույքի վրա դրված արգելանքը։

Նշենք որ նախաքննական մարմինը արգելանք էր դրել Գրիգորյանին պատկանող ամբողջ գույքի՝ այդ թվում Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության վրա, որը Գրիգորյանի կողմից պետք է նվիրաբերվի պետությանը: Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նկատեց, որ միջնորդությունից պարզ չէ, արդյոք 100 տոկոս բաժնեմասն է պատրաստվում նվիրաբերել պետությանը, բացի այդ տվյալ ընկերությունը պատկանում է նրա որդուն՝ Կարեն Գրիգորյանին եւ նրա համաձայնությունը չկա: Մեղադրողը նշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Լեւոն Բաղդասարյանն ի պատասխան ասաց, որ գույքի սեփակաանտերը Կարեն Գրիգորյանը չէ: «Մենք ցանկանում ենք վնասը հատուցել, բայց քանի որ կառավարությունը ասում է՝ չեմ կարողանում գործընթացը սկսել, քանի որ գույքը արգելանքի տակ է, իսկ արգելանքը հանել չհանելը դատարանի տիրույթում է»,- ասաց պաշտպանը: Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն էլ ասաց, որ նախաքննության ընթացքում Կարեն Գրիգորյանը համաձայնություն է տվել  գույքը պետությանը նվիրաբերելու վերաբերյալ: Լսելով դատավարության կողմերին դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել մինչեւ դրա վերաբերյալ մի շարք էական հանգամանքներ պարզումը:

Այնուհետեւ Բաղդասարյանը միջնորդեց վերացնել Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը:Մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ: Դատարանը որոշեց բավարարել պաշտպանի այս միջնորդությունը եւ կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանել:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը գրություն էր ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հետաքրքրվելով, թե որքա՞ն է կազմում Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը եւ արդյոք արգելանք դրված է Գրիգորյանին պատկանող տնտեսության, անշարժ եւ շարժական գույքի վրա։ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դեռևս 2018թ. հոկտեմբերի 17–ին դիմել է կառավարությանը և հայտնել, որ Գրիգորյանը ցանկություն ունի Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրաբերել Հայստանի Հանրապետությանը։

Փաստաբանը տեղեկացրել էր, որ Գրիգորյանը պատրաստ է ընկերության 100 տոկոս բաժնեմասը  տրամադրել պետությանը՝ արձանագրելով, որ այդ տարածքի շուկայական արժեքը մի քանի անգամ գերազանցում է պետությանը պատճառված ենթադրյալ վնասի չափին։