ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը դատական նիստի ընթացքում կրկին վատացավ։ Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտարարեց, որ Գրիգորյանն իրեն վատ է զգում՝ միջնորդելով դատական նիստը հետաձգել։ Դատարանը, սակայն 30 րոպեով ընդմիջեց դատական նիստը, որպեսզի բժշկի հետ խորհրդակցեն, արդյոք նա կարող է մասնակցել դատական նիստին, թե՝ ոչ։

Նշենք, որ Գրիգորյանին դատարան էին տեղափոխել շտապօգնության մեքենայով, իսկ նիստերի դահլիճ՝ անվասայլակով։ Նիստի ընթացքում նրան արհեստական շնչառության սարք էր միացված։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

ԵԿՄ վարչության նախկին նախագահը ներկայումս բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։